Սիբիրում 46 000 տարեկան սառցակալած թռչուն են հայտնաբերել
Գիտնականները, որոնք ուսումնասիրում են Սառցե դարաշրջանի թռչնի լավ պահպանված բրածոն, պարզել են, որ այն պատկանում է եղջյուրավոր արտույտ ցեղատեսակին:
Ինչպես ներկայացնում է CNN-ը, 46 000 տարեկան թռչնի սառցակալած մնացորդները հայտնաբերել են Սիբիրի Բելայա Գորա գյուղի մոտակայքում: Թռչնի մնացորդները հայտնաբերել է տեղի որսորդներից մեկը, որը գտածոն հանձնել է փորձագետների թիմին, որը ներառում է Շվեդիայի Բնության պատմության թանգարանի մասնագետներին:
Թռչնի տարիքը պարզվել է ռադիոկարբոնային ուսումնասիրությամբ, իսկ գենետիկ հետազոտությունները բնորոշել են ցեղատեսակը:
Փորձագետների կարծիքով՝ գտնված թռչունը հանդիսանում է ներկայում գոյություն ունեցող արտույտների երկու ենթատեսակի նախահայրը, որոնցից մեկը տարածված է Ռուսաստանի հյուսիսում, մյուսը՝ Մոնղոլիայի տափաստաններում: