Victoria's Secret-ի տերերը հայտարարել են ընկերության 55 % բաժնեմասը 525 մլն դոլարով վաճառելու մասին
Ամերիկյան L Brands ընկերությունը, որին պատկանում է կանացի ներքնազգեստ, կոսմետիկ պարագաներ և աքսեսուարներ արտադրող Victoria's Secret ապրանքանիշը, հայտնել է, որ իր մասնաբաժնի 55 տոկոսը 525 մլն դոլարով վաճառում է Sycamore Brands ընկերությանը:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը, գործարքի արդյունքում Victoria's Secret-ի ընդհանուր արժեքը կկազմի 1.1 մլրդ դոլար: L Brands-ը կպահպանի 45 տոկոս մասնաբաժինը: Միլիարդատեր Լեսլի Վեքսները, որն այժմ L Brands-ի ղեկավարն է, կհեռանա զբաղեցրած պաշտոնից:
Փետրվարին The New York Times-ը հատնել էր, որ L Brands-ի ղեկավարությունը երկար տարիներ փորձել է թաքցնել Victoria's Secret-ի մոդելնրի նկատմամբ սեռական ոտնձգությունների մասին փաստերը, ինչը բացահայտել է լրագրողական հետաքննությունը: Պարբերականի տվյալներով՝ Վեքսները տեղյակ է եղել իրավիճակից, սակայն ուշադրություն չի դարձրել դրան: