«Ատելության մթնոլորտը ֆեյքերի բանակների միջեւ է՝ սոցցանցերում. դրանից դուրս նման բան գրեթե չկա». ԿԳՄՍ նախարար
Հայաստանում տեղի են ունեցել բազամթիվ ընտրություններ՝ մեկ համապետական, Երեւանի ավագանու, բազմաթիվ ՏԻՄ ընտրություններ, եւ մենք ունենք զրո փաստ, որ որեւէ ուսումնական հաստատություն կամ ղեկավարություն ինչ-որ ձեւով ներգրավված է եղել այդ գործընթացների մեջ: Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Բայց նաեւ հերթական անգամ մեզ ապահովագրելու համար նախկինում եղած անախորժ իրավիճակներից, ԿԸՀ-ի հետ մշակել ենք մի շրջաբերական եւ ուղարկել ուսումնական հաստատություններ, որպեսզի մեր գործընկերներն իմանան իրենց իրավունքներն ու պարտականությունները»,-ասաց նախարարը:
Դիտարկմանը, որ քաղաքական որոշ ուժեր հայտարարել են, որ չեն ձեւավորում «ՈՉ»-ի շտաբ, որպեսզի չհայտնվեն ատելության թիրախում, ԿԳՄՍ նախարարն արձագանքեց. «Եկեք փորձ անենք, դուրս գանք փողոց, պարզապես սովորական մարդկանց հետ զրուցենք եւ կտեսնենք, որ ոչ մի ատելության, անհանդուրժողականության մթնոլորտ չկա: Կարծում եմ՝ այդ ատելությունն ու անհանդուրժողականությունը ֆեյքերի բանակների միջեւ է սոցիալական ցանցերում: : Սոցիալական ցանցերից դուրս գրեթե չկա նման երեւույթ»: