«Կարող ենք դա անել ամեն րոպե». Էրդողանը հայտարարել է Թուրքիայի՝ Իդլիբում գործողություն սկսելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան բավարար արդյունքի չի հասել Իդլիբի հարցով Ռուսաստանի հետ բանակցություններում և պատրաստ է ռազմական գործողություններ սկսել այդ տարածաշրջանում: Այս մասին տեղեկացնում է «Միլլիյեթ» լրատվականը:
«Եթե այն երկրները, որոնց հետ մենք բանակցություններ ենք վարում, չանեն Իդլիբում այն, ինչ պետք է, մենք ինքներս դա կանենք: Մենք դեռևս չենք ստացել բանակցությունների այն արդյունքը, որը մեզ կգոհացնի: Մենք պատրաստ ենք սեփական ռազմական գործողությանն Իդլիբում, դա միայն ժամանակի հարց է, կարող ենք սկսել ամեն րոպե, դա մեզ համար կենսական կարևորություն ունեցող գործողություն է»,-հայտարարել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ:
Թուրք առաջնորդն ավելացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Թուրքիայի հնարավոր գործողություններն Իդլիբում:
«Մենք Իդլիբը չենք թողնի ռեժիմին, այն դեռևս չի հասկանում մեր վճռականությունը: Մենք վճռական տրամադրված ենք Իդլիբն անվտանգ վայր դարձնել թե՛ խաղաղ բնակիչների, թե՛ Թուրքիայի համար, և մենք դա կանենք ամեն գնով»,-նշել է Թուրքիայի նախագահը:
Հիշեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում կնքվել է հուշագիր, որի 5-րդ կետում նշվում է, որ սկսած հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից՝ թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողության շրջանից, կմտնեն ՌԴ ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ջոկատները: Նրանք պետք է նպաստեին քրդական խմբավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որը պետք է ավարտվեր հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած՝ 150 ժամվա ընթացքում:
Փետրվարի 4-ին Թուրքիան հայտարարել է, որ Ռուսաստանի աջակցությունը վայելող Սիրիայի կառավարական ուժերի գործողությունների հետևանքով 7 թուրք զինվոր է մահացել, ինչի պատճառով ռուս-թուրքական հարաբերություններում առաջացած լարվածությունը թույլ չի տալիս շարունակել համատեղ պարեկությունը: