«Գնաճն իհարկե, չարիք, է, բայց նաեւ ցածր գնաճն է չարիք». Բագրատ Ասատրյանը՝ 2019-ի ցուցանիշների մասին
Հայաստանը հիմա հայտնվել է մի ցիկլի մեջ, երբ երկրի տնտեսությունը բնութագրվում է գնաճի ցածր մակարդակով, գնաճն իհարկե, չարիք, է, բայց նաեւ ցածր գնաճն է չարիք, առնվազն բարիք չէ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը՝ հավելելով, որ կառավարությունը պետք է մտածի, որ գոնե գնաճի ցուցանիշը ծրագրայինին մոտ լինի:
Նա վստահեցրեց, որ եթե գնաճը լիներ ծրագրային մակարդակի (մոտ 4 տոկոս), ապա մենք կունենայինք ավելի մեծ տնտեսական աճ:
Բագրատ Ասատրյանը նկատեց, որ 2019-ին արտահանման աճի տեմպը էլի ցածր է ներմուծման ծավալներից, ինչը եւս անհանգստացնող է: «Առեւտրի աշխարհագրության տեսակետից նվազում են ԵՄ-ի հետ առեւտրի ցուցանիշները՝ ի հաշիվ ԵՏՄ-ի: Սա մեզ պետք է անհանգստացնի: Մեզ պետք է անհանգստացնի նաեւ Հայաստանը Ռուսաստանին կապող լարսի ճանապարհը: Դա դժողքի ճամապարհ է: Դա այն ճանապարհը չի, որ կարող է ապահովել քիչ թե շատ խելամիտ զարգացում»:
Անդրադառնալով բանկային համակարգին, ԿԲ նախկին նախագահը նշեց, որ այս ոլորտում աճի տեմպերն ավելի բարձր են եղել, քան ընդհանուր տնտեսական աճի տեմպը. «2019-ին բանակային համակարգում կապիտալի զգալի աճ է տեղի ունեցել, մոտավորապես 10 տոկոս, իսկ ակտիվների աճը՝ մոտ 17 տոկոս: Սա նշանակում է, որ բնակչության մոտ կան սպասումներ, որ վաղը ավելի լավ է լինելու, քան երեկ էր, այսօր է: Իշխանությունը պետք է մտածի այդ մասին, հակառակ դեպքում բոլորս էլ հասկանում ենք, թե ինչքան վատ կարող է լինել»:
ԿԲ նախկին նախագահն անդրադարձավ նաեւ 2019-ի բյուջեի ցուցանիշներին. «2019-ին բյուջեի եկամուտների ծրագրավորվածից ավելի բարձր աճ ունենալու պարագայում ծախսերի ծրագիրը բավարար մակարդակով չի կատարվել: Ընդ որում, ծախսերի մեծ մասը կատարվել է վերջին ամսում: 11 ամիս բյուջեն պրոֆիցիտով է եղել. սա զավեշտ է, հեգնանք է տնտեսական իրողությունների նկատմամբ»: