20 տարում՝ 54 մլրդ դոլար. հայտնի է՝ որքան գումար է Բիլ Գեյթսի հիմնադրամը տրամադրել բարեգործությանը
Աշխարհի երբեմնի ամենահարուստ մարդը համարվող Բիլ Գեյթսը կնոջ՝ Մելինդայի հետ հրապարակել են արդեն ավանդական դարձած նամակը, որում անդրադարձել են իրենց բարեգործական հիմնադրամի գործունեությանը:
Ինչպես նշում է forbes.ru-ն, այս տարի Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամը տոնում է ստեղծման քսանամյակը:
Ամուսինները պատմել են, որ գործունեության երկու տասնամյակի ընթացքում հիմնադրամը բարեգործությանը հատկացրել է մոտ 54 մլրդ դոլար:
Microsoft տեխնոլոգիական ընկերության հիմնադիրը մանրամասնել է, որ գումարի 45%-ն ուղղվել է գլոբալ զարգացման նպատակների իրագործմանը, 29%-ը՝ առողջապահական ոլորտին, 16%-ը՝ ԱՄՆ-ում կրթական ծրագրերի իրականացմանը և ևս 10%-ը՝ բարեգործական այլ նպատակների:
Նշվում է, որ համաշխարհային տարբեր կառույցների հետ սերտ համագործակցության արդյունքում ստեղծվել է Պատվաստման և իմունիզացման գլոբալ դաշինքը, ինչի շնորհիվ նախորդ տարում ամբողջ աշխարհում պատվաստվել է ավելի քան 760 մլն երեխա, ինչը հնարավորություն է տվել կանխել 13 մլն մարդու մահ:
Բացի այդ, հիմնադրամն օգնում է ՄԻԱՎ վարակի տարածման դեմ պայքարին՝ օգնելով տասնյակ միլիոնավոր մարդկանց:
Գեյթսի կինն իր հերթին նշել է, որ այդ ամենից զատ իրենց համար կա կարևոր ևս երկու խնդիր:
«Բիլի համար դա կլիմայի փոփոխության խնդրի լուծումն է, իսկ ինձ համար՝ գենդերային հավասարությունը»,-նշել է կինը:
Ներկայում Բիլ Գեյթսն ունի 112,4 մլրդ դոլար և աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում երկրորդ տեղն է զբաղեցնում: