«Մենք ունեցել ենք ինքնասպանությունը կանխելու 8 դեպք». ԶՈՒ ԳՇ պետ
Մենք ունեցել ենք ինքնասպանությունը չավարտած դեպքեր, երբ ինքնասպանության փորձ են արել, բայց ավարտին չեն հասցրել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
«Եվ ծնողները, եւ իրավապահ մարմինները կարողանում են հասկանալ, թե պատճառը որքանով է կապված ծառայության հետ, բանակի հետ, որքանով այլ խնդիրների հետ:
Դրանց մի մասը նեղ անձնական բնույթի տվյալներ են պարունակում, չէի ցանկանա այստեղ ներկայացնել»,-ասաց նա՝ հավելելով, որ 2015-ի հունիսից ինքնասպանությունը կանխելու 8 դեպք է եղել:
Դիտարկմանը, որ կա տեսակետ, որ բանակում մահվան ելքով միջադեպերը կապված են նաեւ նրա հետ, որ իրական մեղավորները չեն պատժվում, ԳՇ պետն ասաց. «Եթե որեւէ սպա կամ պաշտոնատար անձ նախկինում հանցագործություն է կատարել եւ կոծկել են, դա, շատ ներողություն, առաջին հերթին կհարվածի բանակին, որովհետեւ նույն հաջողությամբ ինքը վաղը երկրորդը, երրորդը կգործի: Իհարկե, ամեն մի զոհի կամ մահվան դեպքի հետ կապված: Ես համենայնդեպս, չգիտեմ, եթե կան կոնկրետ փաստեր, իրավապահ մարմիններին տրամադրենք, թող զբաղվեն: Ես քրեական գործերի հետ կապված ոչինչ չեմ կարող պատասխանել»: