Մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը
Փետրվարի 17-ին մեկնարկում է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը, որը կտևի 44 օր ու կավարտվի ապրիլի 3-ին: Ձևավորվելու է «Այո»-ի և «Ոչ»-ի մեկական շտաբ։ Արդեն հայտնի է, որ «Այո»-ի շտաբը ղեկավարելու է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Խորհրդարանական ընդդիմությունն անմասն է լինելու քարոզարշավից:
«Ոչ»-ի ճամբարի համար միավորվել են իրավաբաններն ու իրավապաշտպանները: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: