Շոկային վիճակում երկիրն է, եւ ոչ թե խորհրդարան չանցած ուժերը
Այո, կան դեռ բարի մարդիկ, որոնք մտածում են խորհրդարան չանցած ուժերի մասին, անգամ նրանց խորհուրդներ են տալիս՝ ցանկանալով օգնել դուրս գալ «մանթրաժից»:
Իսկապես, մեր երկրում բարությունն անսահման է, որը ոչ սկիզբ ունի, ոչ՝ վերջ: Այսուհանդերձ, մի փոքրիկ դիտարկում. «մանրթաժային» վիճակում ոչ թե արտախորհրդարանական ուժերն են, այլ մի ամբողջ ժողովուրդ:
Բարի խորհրդատուներն ասում են, թե արտախորհրդարանական ընդդիմությունը նախ պետք է դուրս գա շոկային վիճակից կամ, ավելի պարզ լեզվով ասած` «մանթրաժից»: Այս դեպքում, իհարկե, արտախորհրդարանական ուժերը Շվեյկի լեզվով կարող են ասել՝ քեզ պահիր քո խորհուրդը, որ չջարդեն քո մռութը, բայց լռում են, ընդամենը լռում են, բայց ոչ թե նրանից, որ «մանթո» են, այլ զուտ այն պատճառով, որ ժողովուրդն է շոկային վիճակում:
Դարդ անողներ չկան, եթե խոսքը քաղաքական ուժերի մասին է: Դարդ անում է ժողովուրդը, իսկ թե ինչու, կարծում ենք, պարզ է անգամ Իջեւանի խաղողի այգիներում ապրող ոզնուն:
Բարի խորհրդատուներն արտախորհրդարանական ուժերին մի քանի առաջարկ են անում: Բայց մինչ այդ առաջարկում ենք այլեւս չօգտագործել արտախորհրդարանական ընդդիմություն եզրույթը, քանի որ ընդդիմությունը հիմա խորհրդարանից դուրս է:
Իսկ հիմա խորհուրդներին: Ասում են վերլուծեք ընտրություններում թույլ տրված սխալները եւ անաչառ վերլուծություններ արեք: Շատերն արեցին եւ չմասնակցեցին Երեւանի ավագանու ընտրություններին: Եւ վերջապես, ընտրությունները հնարավոր կլինի վերլուծել, երբ ընտրություններ կլինեն:
Ասում են, ճշգրտեք գաղափարական եւ քարոզչական ուղղությունները: Հիմա չգիտես լաս, թե խնդաս: Ու նաեւ ակամա մտածում ես, մի՞թե այս խորհրդատուն համոզված է, որ ՀՀԿ-ն կամ «Ելքը» արդեն հինգ տարի առաջ ճշգրտել էին իրենց գաղափարական եւ քարոզչական ուղղությունները:
Եւ վերջապես ինչ վերաբերում է նոր դաշնակիցներ եւ համախոհներ փնտրելուն, ապա առողջ քաղաքական ուժերի դաշնակիցը միշտ առողջ ժողովուրդն է: Եւ սիրելի խորհրդատուներ, երբ լուրջ կամ անլուրջ դեմքով գրում եք, թե մեզ մոտ նախընտրական դաշինքները սովորաբար ստեղծվում են ընտրություններից 2-3 ամիս առաջ եւ զուրկ են ոչ միայն գաղափարական ընդհանրություններից, այլեւ մարտավարության մասին համատեղելի պատկերացումներից ու հենց այդ պատճառով էլ շատ արագ կազմալուծվում են, մտածեք այն մասին, որ նախընտրական դաշինքները ընտրություններից հետո (եթե չեն անցնում խորհրդարան) տրամաբանորեն պետք է կազմալուծվեն:
Եւ մի խնդրանք, խորհրդարան անցած ուժերին խորհուրդ տվեք: Նրանցից շատերն այնքան անօգնական են:
Top-News.am