Շաքարավազը խոշոր սուպերմարկետների ցանցում շաքարավազն ինքնարժեքից ցածր է վաճառվում. Գեղամ Գևորգյան
Փոքր տնտեսվարող սուբյեկտների կողմից ահազանգեր ենք ստացել ձվի գնանկման մասին, ձվի ինքնարժեքը 20-25 դրամ է, որն աննախադեպ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:
«Ասեմ, որ մամուլում տեղ գտած այն տեղեկությունը, իբրև ներմուծումն է ձվի գնանկման պատճառը՝ այդպես չէ: Վերջին ամիսներին Հայաստան ձու չի ներմուծվել, վերջին ներմուծումը եղել է մարտին: Գնանկման հիմնական պատճառն ըստ ձու խոշոր արտադրողների միության՝ գերարտադրությունն է, ինչն էլ հիմա ուսումնասիրում ենք: Ներգրավել ենք նաև ՍԱՏՄ-ի գործընկերներին: Կարծում եմ, որ մոտ ժամանակներս կհասկանանք ինքնարժեքի կառուցվածքը և կան արդյո՞ք խոշոր տնտեսավարողները, որոնք փորձում են մանրերին դուրս մղել»,- ասաց նա:
Ըստ Գևորգյանի՝ ձու արտադրողների թիվ շուկայում կտրուկ ավելացել է, ինչի արդյունքում է աննախադեպ գնանկումը:
Դիտարկմանը, որ գնանկման խնդիր կարծես՝ կա նաև շաքարավազի շուկայում՝ Գևորգյանն ասաց. «Շաքարավազի շուկայի ուսումնասիրության հարցով գործ ենք սկսել: Հստակ պատկերացումներ ունենք այդտեղ: Մեր ստացած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ որոշ սուպերմարկետների ցանցում շաքարավազն ինքնարժեքից ցածր: Պատճառը հասկանալու նպատակով՝ վարույթ ենք հարուցել»:
Գևորգյանն ընդգծեց, որ փաստի առթիվ վարույթը հարուցված է, կա մրցակցային անհամաձայնություն կամ գերիշխող դիրքի չարաշահում. «Վարույթը կուսումնասիրենք, պարզ կլինի»,- նշեց նա:
Արդյո՞ք կան այլ ռիսկային շուկաներ, որտեղ ուսումնասիրություններ են իրականացվում հարցին՝ Գևորգյանը պատասխանեց, որ ուսումնասիրություններ են սկսել ցորենի, ալյուրի շրջանառության, հանքարդյունաբերության, մեդիա գովազդի և ձվի ոլորտներում:
ՏՄՊՊՀ ղեկավարն անդրադարձավ նաև «Յուքոմ» և «Բիլայն» ընկերությունների միավորմանը և ասաց, որ այն տվյալները, որ մեզ ներկայացրել են ընկերությունները, առաջին հերթին միտված է ծախսերի կրճատմանը, որովհետև երկու տնտեսավարող սուբյեկտ պահելու համար ֆիքսված ծախսերը նույնն են, հետևաբար՝ կրկնակի. «Հաշվի առնելով այն, որ հաճախորդների թիվը տրանսֆորմացվում է բջջային զանգից դեպի ինտերնետ տիրույթ, իսկ այստեղից գումարի հավաքագրումն ավելի քիչ է, այդ պատճառով էլ ցանկանում են միավորել ուժերը, որպեսզի կարողանան շուկային դիմագրավել, բայց դա իրենց վարկածն է»: