2008-ի մարտի 1-ի գործի նյութերը կարող են բացահայտել 10 մարդու սպանությունը. Ռոբերտ Քոչարյան
Հիմնավոր կասկածներ կան, որ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի հատորներում պարունակվող նյութերը բավարար են 10 սպանությունը բացահայտելու համար: Այս մասին, ելույթ ունենալով այսօրվա դատական նիստին, ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Նախկին նախագահը գործը համեմատել է շենքի հետ. «Եթե համեմատենք շենքի հետ, սկսել են տանիքից, մեղավոր ենք նշանակել, գտել հոդվածը: Ապա գործի նյութերից առանձնացրել ենք միայն նրանք, որոնք, իրենց կարծիքով, ձեւավորում են ապացույցների բազան: Ինչու՞ է ինձ մոտ այդպիսի տպավորություն: Դե որովհետև, օրինակ, ամբողջ գործում ընդամենը 2 նյութ կա, 2 նամակ ԱԱԾ-ից: Պատկերացրեք, թե ինչ է տեղի ունեցել երկրում, եւ հանկարծ ամենակայացած կառույցներից մեկից նյութեր չկան: Կարելի՞ է դրան հավատալ: Ընդ որում, փետրվարի 24-ին քրեական գործ էր հարուցվել սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ: Եվ երկրորդ փաստաթուղթը` գործի 3 հատորի` ՀՔԾ փոխանցման մասին որոշումը: Կարելի՞ է, արդյոք, հավատալ, որ ԱԱԾ չի տիրապետել տեղեկատվությանն ամբողջ ընթացքում: Մենք բազմիցս խնդրել ենք տրամադրել նյութերի ամբողջ ծավալը: Ես գիտեմ, թե ինչի մասին եմ խոսում: Ամեն շաբաթ ԱԱԾ-ի ղեկավարը` բարձր մասնագետը, զեկուցում էր ինձ: Եվ ես գիտեմ, թե ինչ էր նա զեկուցում: Այս զեկույցներից ոչ մի նյութ չկա: Գուցե դրանք կան այլ հատորներում: Կամ ԱԱԾ-ն չի տրամադրել»,- նշեց Քոչարյանը:
Նրա խոսքով` Wikilisk-ի հրապարակումներին ծանոթանալը տպավորություն է ստեղծում, որ ԱՄՆ դեսպանատունն ավելի շատ տեղեկատվություն է ունեցել ներքաղաքական իրադարձությունների մասին, քան ԱԱԾ-ն: «Այն, ինչ ես կարդում եմ այնտեղ, ինձ զեկուցվել է: Գործում դա չկա: Մենք ամեն անգամ ասում էինք քննիչներին: Մեզ նույնիսկ չեն տվել այն հատորները, որոնք մարտի 2-ին փոխանցվել են հետաքննող մարմիններին»,- ասաց նախկին նախագահը:
«Հիմնավորված կասկածներ կան, որ գործի 600 հատորում բավարար նյութեր կան 10 սպանությունների բացահայտման համար: Նրանք պարզապես չեն ցանկանում դա անել: Պատճառներից մեկն այն է, որ դա կարող է այլ ուղղությամբ տանել, ինչը հակասելու է այս գործին: Եվ երկրորդ` կառաջանան հարցդր` արդյոք տուժածները պետք է մասնակցեն այս նիստին, թե՞ ոչ: Այս շարժառիթն ինձ համար ակնհայտ է: Կամ սա, կամ նա: Բացատրեմ սպանությունների հետ կապված երկրորդ մասը: Առնվազն 3 դեպքում պարզ է: «Չերյոմուխա» հատուկ միջոցների կիրառման հետևանքով: Եվ պարզ է, որ կիրառել են ոստիկանները: Պարզ է նաև, որ հայտնի է շրջանակը, թե քանի ոստիկան է կիրառել: Խնդիրն այն է, որ հնարավոր չէ պարզել, թե կոնկրետ որ զենքից: Բայց շրջանակը պարզ է»,- ասաց նախկին նախագահը՝ հավելելով, որ դիպումը ետաթռիչք էր:
«Ես խոսեցի այս մասին, որպեսզի ցույց տամ, որ մերժումը ավելի խորը կասկածների տեղիք է տալիս, դրանք կարող են էական նշանակություն ունենալ գործի համար եւ դիտավորյալ չեն տրամադրվում: Ես կցանկանայի, որպեսզի Դուք դա հաշվի առնեք որոշուկ կայացնելիս: Բազմաթիվ փաստարկներ են բերվել: Դրանցից յուրաքանչյուրը բավարար է գործը կարճելու համար: Փաստարկների մի ամբողջ փունջ: Ես նաեւ հասկանում եմ, որ Դուք անձամբ դժվարին վիճակում եք: Հաշվի առնելով նաեւ դատավոր Դավիթ Գրիգորյանի ճակատագիրը»,- նշեց Քոչարյանը:
Ընդհատելով ելույթը` դատավոր Աննա Դանիբեկյանը խնդրեց ըստ էության խոսել: «Դուք ցավոտ եք ընկալում զուգահեռները: Մենք հետեւում եւ նկատում ենք, որ թեման ցավոտ է` դատելով Ձեր արձագանքից: Դուք պետք է դա հաղթահարեք»,- շարունակեց Ռոբերտ Քոչարյանը: «Եթե ըստ էության ավելացնելու բան չունեք, դատարանը կսահմանափակի ելույթը», - ասաց դատավորը: «Դեռ ըստ էությա՞ն»,- հարցրեց Քոչարյանը: «Շարունակեք»,- կարգադրեց դատավորը: «Շնորհակալ եմ: Բայց ես նախընտրում եմ չշարունակել, քանի որ դա Ձեզ նյարդայնացնում է: Առողջ եղեք»,- համակիրների ծափահարությունների ներքո եզրափակեց նախկին նախագահը: