«Այս նոր խորհրդարանն ամբողջովին կազմվել է Ալիևների հաստատած ցուցակի հիման վրա». Ադրբեջանի ընդդիմադիր ուժեր (տեսանյութ)
Ադրբեջանում փետրվարի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցել են զանգվածային կեղծիքների և ապօրինության մթնոլորտում: Այս մասին, ինչպես հայտնում է turan.az կայքը, հայտարարել է ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը (NSDS):
Խորհրդի հայտարարության մեջ նշվում է, որ ընտրությունների տվյալները ցույց են տալիս, որ ընտրությունները լիովին կեղծված են և որևէ կերպ ադրբեջանցի ժողովրդի կամքը չեն արտահայտում:
Լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում անհամար խախտումների և խարդախությունների մասին տեսանյութեր և լուսանկարներ են արդեն լայնորեն տարածվել: «Այս անհերքելի ապացույցները բավարար են ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը նաև հայտնում է, որ կեղծվել է մարդկանց` ընտրություններին մասնակցելու թիվը: Անկախ դիտորդների տվյալների համաձայն` ընտրությանը մասնակցել է բնակչության 10-15 տոկոսը (այնինչ այն հասցվել է 50 տոկոսի), «սա նշանակում է, որ բնակչության ճնշող մեծամասնությունը պարզապես բոյկոտել է ընտրությունները»:
«Այս նոր խորհրդարանն ամբողջովին կազմվել է Ալիևների հաստատած ցուցակի հիման վրա և չի կարող ադրբեջանցի ժողովրդին ներկայացնել»,- նշվում է փաստաթղթում:
Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը կոչ է անում ադրբեջանցիներին և միջազգային ժողովրդավար հանրությանը չհաշտվել այս ընտրությունների արդյունքների հետ:
«Ադրբեջանցիները զրկվել են ընտրելու և իշխանության աղբյուր լինելու իրենց սահմանադրական հիմնարար իրավունքից …»,- ասվում է հայտարարության մեջ: