Երկիրը պառակտելու եւս մեկ միջոց
Ի՞նչ է տալու հանրաքվեն Նիկոլ Փաշինյանին: Շատերը կշտապեն ասել՝ իր կողմից վերահսկելի Սահմանադրական դատարան: Իրականում, սակայն, առաջին հերթին Փաշինյանը ստանալու է միտինգներ անելու, տեղի-անտեղի, այս ու այնտեղից լայվեր անելու հնարավորություն: Սա է ամենակարեւորը նրա համար:
Պարզ է նաեւ, որ այդ միտինգները, այդ լայվերը երկիրն ավելի են պառակտելու: Ուշադիր կարդացեք, թե ինչ գրեց Փաշինյանը, երբ Արմեն Սարգսյանը ստորագրեց ապրիլի 5-ին հանրաքվե նշանակելու որոշումը. «Ապրիլի 5-ին Հեղափոխությանը ասում ենք Այո, Ազատությանը ասում ենք Այո, Ապագային ասում ենք Այո եւ կոռուպցիոներների վրա շրխկացնում ենք դուռը»:
Ցանկացած այլ երկրում երկրի ղեկավարի նման մանիպուլիացիոն գրառումից հետո կհետեւեր նրա հրաժարականը: Ի՞նչ կապ ունի հեղափոխությունը, ազատությունը, ապագան եւ կոռուպցիոները հանրաքվեի դրված հարցի հետ: Ոչ մի կապ: Փաշինյանը, իհարկե, սա լավ է հասկանում, բայց նա արդեն իսկ ցույց տվեց, թե ինչ է ամեն օր ասելու հանրությանը մինչեւ ապրիլի 5-ը:
Ավելի քան ակնհայտ է, որ նման պոպուլիստական հայտարարությունները, կոչերը նպատակ ունեն մարդկանց, առավել խոցելի շերտերին մանիպուլիացիայի ենթարկել, ինչը թույլ կտա ավելի պառակտել հանրությանը: Իսկ Փաշինյանը ցանկանում է խորացնել ատելության մթնոլորտը, խորացնել պառակտումը, քանի որ հասկանում է, որ միայն այդ մթնոլորտում կարող է երկարաձգել իր կառավարումը:
Եւ մարդկանց սկսելու են համոզել, որ դեռ վատ եք ապրում, քանի որ ՍԴ նախագահը Հրայր Թովմասյանն է, բայց ոչինչ չեք ասելու, թե ինչու, օրինակ, գլխավոր դատախազ կարող է լինել Արթուր Դավթյանը, իսկ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Մինչեւ ապրիլի 5-ը մարդկանց գլուխը սղոցելու եք պոպուլիստական հայտարարություններով, ասելու եք, եթե հանրաքվեին այո ասեք, ապա այո եք ասում ձեր ապագային, ազատությանը, չեղած հեղափոխությանը:
Հիմա մի կարեւոր բայց. ձեր ֆեյքերի բազմությանը չխաբնվեք: Ֆեյսբուքից դուրս մի այլ իրականություն է, որտեղ վաղուց մեծամասնությունը հասկացել է, թե ով եք դուք եւ ինչ եք իրականում ցանկանում անել: Այնպես որ, թարգեք գլուխ սղոցող պոպուլիստական հայտարարությունները եւ աշխատեք Տիգրան Մուկուչյանի հետ: Ձեր հույսը միայն նա է:
Հակոբ Ասատրյան
Top-News.am