Մի՛ ներքաշեք մեր ժողովրդին ձեր հակաիրավական պրոցեսների մեջ. Մանե Թանդիլյանը սահմանադրական հնարավոր հանրաքվեի մասին (տեսանյութ)
Ես հետևում էի քննարկմանը և հասկացա ինձ համար մի ցավալի հանգամանք, որ մարդ ասելով՝ իմ իշխանական գործընկերները հասկանում են միայն յուրայիններին, այն մարդկանց, որոնք համակարծիք են իրենց: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստին՝ Սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկմանը, ԼՀԿ խմբակցության անունից ելույթին հայտարարեց պատգամավոր Մանե Թանդիլյանը:
Նրա խոսքով՝ հաճախ ԱԺ դահլիճում, երբ տարակարծիք են լինում և համաձայն չենք մեկս մեկի հետ, այդ տարակարծությունը ձևակերպվում է որպես պետական շահի դեմ: «Հետևաբար ինձ համար սկսում է զարմանալի չլինել այս քննարկումը, որտեղ մարդու հիմնարար ազատությունները սահմանող հանրաքվեի առաջարկություն է արվում, որ, ըստ էության, այդ իրավասությունը չունենք, չենք կարող և չի կարող անգամ ժողովուրդն այդ իրավասությունները՝ մարդու հիմնարար ազատությունները սահմանափակել, որովհետև հանրային իշխանությունը սահմանափակված է դրանցով: Հետևաբար ինչո՞ւ տանել ժողովրդին այդ ճանապարհով, ինչո՞ւ այդ պատասխանատվությունը բարդել ժողովրդի վրա»,- ասաց նա:
Պատգամավորը նշեց՝ եթե հանրաքվեի մասին օրենքն էլ ուսումնասիրեն կհստականան, որ նման կարգավորումները չեն կարող դրվել հանրաքվեի. «Դա նույնն է, որ հանրաքվեի դնենք, մարդիկ իրենց տեսակետն ու կարծիքը հայտնեն, օրինակ՝ մահապատժի վերաբերյալ: Սա էլ նմանատիպ կարգավորում է, որ մենք ձեզ հետ միասին որոշենք՝ ժողովուրդը, որը բարձրագույն իշխանության կրողն է, որոշի՝ արդյո՞ք ՀՀ-ում պետք է լինի մահապատիժ, թե՝ ոչ: Ի՞նչ եք կարծում, ինչ արդյունք կունենանք»,- ասաց նա:
Նա ընդգծեց, որ կան դրույթներ, որոնք չեն դրվում հանրաքվեի: Ըստ նրա՝ հետևաբար, մարդու իրավունքները և դրանց ոտնահարման այն մոտեցումը, որը սահմանված է այս հանրաքվեի նախագծով նմանատիպ կարգավորում է և չի կարող դրվել հանրաքվեի:
«Ես ցավոք սրտի, ձևավորեցի մի տեսակետ, որ այսօրվա հանրաքվեի առաջարկով այդ պատասխանատվությունը միտված է օտարելուն, բայց իրականում կան օրինական ճանապարհներ, որոնց ուղիները ցույց են տալիս իմ գործընկերները, բայց դուք դա չեք լսում՝ ասելով որ դրանք ստորակետներ են: Իրականում դրանք հիմնարար սկզբունքներ են, որոնք Հրայր Թովմասյան չէ, ով ուզում է լինի գնալու է գա, բայց արդյո՞ք մենք ձեզ հետ ուզում ենք ստեղծել այնպիսի պետություն, որտեղ հիմնարար սկզբունքներ ենք ոտնահարելու»,- ընդգծեց նա և հավելեց.
«Հակաօրինական պրոցեսների մեջ ներգրավել մի ամբողջ ժողովրդի, ընդ որում ժողովուրդ ասելով դուք նկատի ունեք 88 մանդատ շնորհած մարդկանց, դուք չեք կարող և այս առումով մեծամասնության իշխանությունը սահմանափակել փոքրամասնության իրավունքներով»:
Մանե Թանիդլյանը շեշտեց, որ սրանք կարևորագույն սկզբունքներ են, որոնց ոտնահարումն անթույլատրելի է: «Վստահ եմ իմ ելույթից հետո ասելու եք՝ «Լուսավորը» պաշտպանում է հին ռեժիմին, երբ դուրս կգաք այդ դիսկուրսից և երբ կլսեք՞ ձեր ընդդիմախոսների ձայնը, որոնք բացառապես իրավական ճանապարհով հարցի կարգավորման կողմնակից են և ձեր աջակիցը, բայց քավ լիցի՝ մի՛ ներքաշեք մեր ժողովրդին ձեր հակաիրավական պրոցեսների մեջ»,- շեշտեց նա: