ԱԺ այսօրվա նիստը հակասահմանադրական է. նման սխալ քայլ է արվում քաղաքական խնդիր լուծելու համար. Էդմոն Մարուքյան
Երբ ես 7 տարի շարունակ այս շենքում կռիվ էի անում Հրայր Թովմասյանի հետ, այսօրվա շատ հեղափոխականներ Հրայր Թովմասյանի շեֆերի աշխատակիցներն էին։ Բայց ամեն ինչ մի կողմ դնենք ու հասկանանք, թե մենք ինչ ենք անում, մենք շատ սխալ քայլ ենք անում։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստին Սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկմանն իր ելույթում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Պարզ է, որ այսօր ամենահեշտը հանրապետականներին հիշելն է, պարզ է, որ այսօր ամենահեշտը նրանց հայհոյելն է, նրանց հասցեին ասել ամեն ինչ, այն ինչը բոլորս գիտենք, այն, ինչը ասվել է այս երկու տարիների ընթացքում։ Պարզ է, որ շատ դժվար է լինելու, որևէ ձևով փորձել մեզ՝ նրանց ովքեր համաձայն չեն այսօր իրականացվող գործընթացների հետ, դիտարկել որպես Հրայր Թովմասյանի կամ նախկիններին պաշտպան»,- ասաց նա։
Մարուքյանը նաև նշեց, որ հիմա տեղի ունեցող գործընթացը շատ սխալ է։ «Այսօրվա նիստը՝ ժամը 1-ից սկսած հակասահմանադրական է։ Սա արձանագրվել է մեր խոսքով, ԱԺ արձանագրությունների մեջ է։ Բայց, լավ, նման սխալ քայլ է արվում քաղաքական խնդիր լուծելու համար և, ընդ որում, քաղաքական խնդիրն իշխանությանն է, ժողովրդինը չէ»։
Մարուքյանի խոսքով՝ այն դատավորները, դատարանները, որոնք ԱԺ-ի և Կառավարության ներկայիս անդամների են բանտարկել մինչև օրս պաշտոնավարում են, և գործող իշխանությունը նրանց հետ համերաշխ է։
«Նրանց վերաբերյալ հարց չունե՞ք, երկու տարի ոչ մի հարց չեք բարձրացրել իրենց հետ կապված։ Հարց եմ տվել՝ քանի ՀՀ քաղաքացի է գնացել բախվել ՍԴ պատին, պատասխանը՝ զրո։ Հարց տվեցի՝ քանի ռեֆորմ է այս ՍԴ-ն տապալել, պատասխանը՝ զրո։ Այսինքն, ի՞նչ է եղել․ «գրիչի» պատմությո՞ւնն է, ի՞նչ է եղել, ինչի՞ եք խառնվել»,- դիտարկեց նա։
Մարուքյանը նշեց, որ եթե մեկ հոդվածով ցանկանում են 7 դատավորի լիազորություն դադարեցնել, այդ 7 դատավորները մտնելու են Առաջին ատյանի դատարան և հիմնավորելու են, որ իրենց նկատմամբ ապօրինություն է տեղի ունեցել, որի դիմաց պետությունը պետք է գումար վճարի։
«Ամբողջը պարզ է, թե ինչ եք ուզում անել, բա ժողովրդին ինչի՞ եք տանում տեղամասեր, այստեղ արեք պրծեք։ Հայաստանի տնտեսությունը մինչև մայիս քարոզարշավի մեջ մտնելու կարի՞ք ունի, մի տարի առաջ քարոզարշավից դուրս եկանք։ Սփյուռքն ու Հայաստանի ներդրողները ներվեր ու հավես ունե՞ն ընտրական գործընթաց անելու»,- ասաց նա հիշեցրեց իշխանական թևի այն հայտարարությունը, որ մեդիան «սևերի» ձեռքում, ըստ նրա նման քայլով իշխանությունը «սևերին» են օգնում։
«Ինչի՞ եք Սերժ Սարգսյանին օգնում, ի՞նչ դավադրություն է, ի՞նչ եք անում»,- ասաց պատգամավորը և հստակեցրեց, որ իշխանությունը Հանրաքվեի օրենքից տեղյակ չէ, նկատեց, որ հանրաքվեի քարոզարշավի վաթսուն օր է տևում, իսկ ԱԺ-ինը՝ քսանութ։ «Պետությանը վաթսուն օր քարոզարշավի մեջ եք մտցնում, որ ի՞նչ անի»։