Ժողովրդի իշխանության համար, պետք է ծախսվի ժողովրդի փողը. Վահագն Հովակիմյանը՝ հանրաքվեի մասին
Չեք կարծում, որ Սահմանադրական դատարան պետական ինստիտուտի պետական շահը Դուք ստորադասում եք քաղաքական շահին: Այս մասին ԱԺ-ում Սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման արտահերթ նիստի ժամանակ զեկուցող Վահագն Հովակիմյանին հարցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Կա պետական ինստիտուտ, որը գործում է, և չի կարելի պետական ինստիտուտները նսեմացնել այն դեպքում, երբ ունեք գործադիր իշխանության, ուժային կառույցների և խորհրդարանի մեծամասնություն»,-ասաց նա:
Վահագն Հովակիմյանը պատասխանեց, որ իրենց այս քայլը բխում է պետական շահից:
Միքայել Մելքումյանն ասաց, որ եթե դատական համակարգի նկատմամբ չկա վստահություն, ուրեմն ստացվում է, որ մարդիկ չպետք է դիմեն դատարան: Վահագն Հովակիմյանը հակադարձեց. «Այսօրվա Սահմանադրական դատարանն, ըստ էության, ամեն ինչ անում է դատական բարեփոխումները խոչընդոտելու, կասեցնելու համար և այս ճգնաժամը ստեղծել է ՍԴ այս կազմի պատճառով»:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանը հետաքրքրվեց, թե ինչու են առաջ ընկնում վարչապետի նախաձեռնությունից: «Ինչու եք հիմնարար Սահմանադրական փոփոխությունները թողած գումար ծախսում հանրաքվե կազմակերպելու վրա, անձնական խնդիրներից ելնելով, թե՞...»,-հարցրեց պատգամավորը:
Վահագն Հովակիմյանը պատասխանեց, որ այսօր արդեն միջազգային կառույցներն են նույնիսկ արձանագրում, որ ստեղծված է ճգնաժամ և այն վնասում է Հայաստանի Հայրապետությանը, որ ճգնաժամն օր առաջ պետք է լուծվի:
«Ձեր ասած Սահմանադրական բարեփոխումները բավականին ժամանակատար են, եթե մենք այսօր ձեռքերս ծալած նստենք, դա կլինի անգործություն: Այսինքն՝ տեսնել, որ պետությունը հարվածներ է ստանում, վնասներ է կրում և թույլ տալ այդպես մնա, հապաղել, սպասել՝ սա անթույլատրելի է: Ես կարծում եմ, որ մենք իրավունք չունենք թույլ տալու, որ մի քանի անձ անընդհատ, Հայաստանին իրենց ունեցած միջոցներով, վնաս հասցնեն: Այսինքն՝ ժողովրդի իշխանության համար, պետք է ծախսվի ժողովրդի փողը, ավելի արդյունավետ ծախս՝ ժողովրդի իրավունքի իրացման համար, Դուք չեք կարող նշել, քանի որ այդ գումարը ծախսվելու է ժողովրդի իրավունքի իրացման համար»,-ասաց նա:
Հրանտ Այվազյանը հարցրեց. «Այսինքն` ամեն հոդվածի համար պետք է բարեփոխում անե՞լ»,- որին Վահագն Հովակիմյանը պատասխանեց. «Առկա է ճգնաժամ, որը պետք է լուծվի և ես նույն հանդարտությամբ չեմ վերաբերվում դրան, իսկ Դուք դրան վերաբերվում եք՝ որպես բնականոն ընթացք, դա Ձեր իրավունքն է, բայց մենք կարող ենք Ձեր հանդարտությունը չունենալ և միջոցներ ձեռնարկել, որ ճգնաժամը շուտ հանգուցալուծի, քանի որ մենք դրա համար պատասխանատվություն ենք կրում՝ որպես քաղաքական մեծամասնություն»,-ասաց նա: