Իմքայլականը սպառնում է կոշիկների տակացուներով
Իմքայլական պատգամավորը՝ Արմեն Փամբուխչյանը, որը մինչեւ, այսպես կոչված, հեղափոխությունը քաղաքականության, քաղաքական գործընթացների հետ որեւէ առնչություն չուներ, երեկ ֆեյսբուքյան գրառմամբ սպառնալիքներ է տարածել:
Ուշադիր կարդացեք, թե ինչ է գրում Ազգային ժողովի պատգամավորը: «Նեմեց Ռուբոների ու մյուսների վրա, որ ժողովուրդը դեռ չի մաքրել իր կոշիկները դա միմիայն Նիկոլ Փաշինյանի և այս իշխանության շնորհիվ ա, բայց թող բոլորը հասկանան, որ մի օր էլ գուցե լցվի այդ համբերության բաժակը և ժողովրդին տրվի հնարավորություն ոչ միայն սրբել, այլ նաև համտեսել տալ իրենց կոշիկների տակացուները»:
Սկսենք նրանից, որ արդեն զզվելի է ժողովուրդ-ժողովուրդ, ժողովրդի պահանջ ասելով տարատեսակ գործողությունների, քայլերի, արարքների դիմելը: Բացի այդ, եթե նույնիսկ հայտնվեն ինչ-ինչ հակաօրինական խմբեր, որոնք ցանկանան ֆիզիկական բռնություն կիրառել այս կամ այն մարդու վրա, իշխանությունը պարտավոր է կանխել այն, իսկ դուք սպառնում եք, ինչը թուլության, անզորության նշան է:
Իսկ սպառնալ նրանով, թե ժողովրդի համբերությունը կսպառվի, որին կհետեւեն ֆիզիկական բռնությունները, սա արդեն չափ ու սահմանն անցնելն է, այս հայտարարությանը պետք է հետեւի հրաժարականը: Ինչո՞վ է տարբերվում այս պատգամավորի արարքը Երեւանու ավագանու անդամի արարքից, որին ստիպեցին վայր դնել մանդատը:
Մյուս կողմից ինչ սպասել պատգամավոր Արմեն Փամբուխչյանից, որի կենսագրությունից պարզ է դառնում, որ նա 2009-2011թթ.՝ «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ անվտանգության աշխատակից է եղել, իսկ հետո նույն «Ֆինքա»-ում, ապա «Անելիք» բանկում զբաղվել է խնդրահարույց վարկերով: Գուցե հենց այնտեղ է նա սովորել խոսել սպառնալիքներով: Չի բացառվում:
Սա իմքայլական պատգամավորների մակարդակն է, էությունը: Հետեւությունն անում է նույն Փամբուխչյանի հիշատակած ժողովուրդը: Վերջում մի հարց՝ Արմեն Փամբուխչյան, դու կարո՞ղ ես հրապարակային բանավեճի ժամանակ գրառումդ կրկնել Ռուբեն Հայրապետյանի ներկայությամբ, կամ ընդհանրապես պատրա՞ստ ես բանավեճի Ռուբեն Հայրապետյանի հետ:
Հակոբ Ասատրյան
Top-News.am