Արդեն ազգային անվտանգության հարց է
Այն, որ քաղաքական շահերով պայմանավորված՝ կարող են պարբերաբար ԶԼՄ-ներում մանիպուլատիվ հոդվածներ կամ ռեպորտաժներ հայտնվել, դառնալ օրակարգային և նույնիսկ՝ վերածվել բացարձակ ճշմարտության, հայտնի փաստ է։ Ավելին, այդ հնարքը Հայաստանում չէ, որ հորինվել է, այդպես է ամբողջ աշխարհում։ Սակայն, երբ «դեղին մամուլի» է վերածվում մի ողջ պետական ապարատ՝ երկրի առաջին դեմքի՝ այս դեպքում վարչապետի, անմիջական մասնակցությամբ, դա արդեն ազգային անվտանգության հարց է։
Ազգային անվտանգության հարց է, երբ երկրի վարչապետն իր պաշտոնական էջում «շեյրում» է մի ռեպորտաժ, որտեղ ոչ միայն ակնհայտորեն խախտված է մարդու «անմեղության կանխավարկածի» կարևորագույն սկզբունքը, այլև պահպանված չէ նախաքննական գաղտնիությունը։ Ավելին, փաստաբանների մակարդակով արդեն իսկ քննարկվում է, որ գործ ունենք նաև սահմանադրական կարգի տապալման և սահմանադրական դատարանի յուրացման առերևույթ հանցակազմի հետ։
Փաստացի, երկրի վարչապետի անմիջական գլխավորությամբ, բոլոր հնարավոր հարթակներն օգտագործելով՝ մի ողջ պետական ապարատ լծվել է մեկ անձի դեմ պայքարի գործին։ Այստեղ հարցը նույնիսկ Հրայր Թովմասյան անձը չէ, նրա փոխարեն կարող էր լինել ցանկացած մեկը։ Այստեղ վտանգը ներդրված մեխանիզմի մեջ է․ պետական մտածողության տոտալ բացակայություն և պետական ինստիտուտների նպատակաուղղված արժեզրկում։ Երկրում, որտեղ բնակչության 40%-ն աղքատ է, որտեղ օդում դամոկլյան սրի պես ճոճվում է պատերազմի վտանգը, որտեղ տնտեսական շրջափակման կենսական հարց կա, վարչապետի մակարդակով քննարկվում է ՍԴ նախագահի նվիրած գրիչը։
Մեկ անձի «սիմպատիաների և անտիպատիաների» կուրսով կառավարվող պետական ապարատի ներկայացուցիչների շնորհիվ բամբասանքն ու չարախոսությունը դարձել է պետական կառույցներում առօրյա զբաղմունք, իսկ «գործ կարելու» էժանագին «տրյուկների» գործադրումն ու շոուների բեմադրումը թիվ մեկ օրակարգային հարց։ Դե, իսկ հարկատուներիս գրպանից սնվող կամ իշխանությունների հետ սերտ առնչություն ունեցող լրատվամիջոցները դարձել են «դեղին» լուրերի թիվ մեկ խոսափող, որոնց հրապարակած «սենսացիաներն» ամենավերջում իրենց հանգրվանն են գտնում իշխանության ներկայացուցիչների ֆեյսբուքյան էջում։
Արդյունքում, ժողովրդավարական արժեքների, իրավական պետության կառուցման ջատագովներն այսօր երկրում հատուկ էնտուզիազմով ոտնահարում են «անմեղության կանխավարկածի» կարևորագույն սկզբունքը։ Դատական անկախ իշխանության մասին հատորներով ելույթներ ու հոդվածներ շռայլողները, անարգանքի սյունին են գամում բոլոր այն դատավորներին, ովքեր համարձակվում են իրենց անձնական տեսակետից տարբերվող որոշումներ կայացնել։
Ի վերջո, եթե մենք ապրեինք ժողովրդավար, իրավական պետությունում, ապա վերոնշյալ ռեպորտաժը հրապարակող, հարկատուներիս գրպանից սնվող հեռուստաընկերությունն ու այն իր պաշտոնական էջում տարածող վարչապետը պատասխանատվության կկանչվեին։ Բայց քանի դեռ ապրում ենք անձնական ամբիցիաների, ընտրովի արդարադատության և «մանիպուլիացիաների» թավշյա մթնոլորտում, ստիպված ենք բավարարվել միջազգային կառույցների նախատինքներն ու նկատողությունները լսելով։
Իսկ «անմեղության կանխավարկած», «մարդու պատիվ-արժանապատվություն» եզրույթներն այս դեպքում ավելորդ ճոխություններ են։
Արման Պետրոսյան
«Իմ Ձայնը» նախագիծ