Պետք է հայցադիմում ներկայացնել ոչ միայն «Հանրային հեռուստաընկերության» դեմ, այլև պատասխանատվության ենթարկել տեսանյութի պատվիրատուներին ու հեղինակներին
Այդ ռեպորտաժն ամբողջությամբ մանիպուլյացիա է և սադրանք, մենք շատ բան ունենք ներկայացվածին հակառակ ասելու, ցավոք սրտի, այս պահին սահմանափակված ենք նախաքննության գաղտնիք կոչվածով, արդեն զգուշացվել ենք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով «Հանրային հեռուստաընկերության» «Լուրեր» հաղորդաշարի երեկվա թողարկմանը հեռարձակված Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ գեղարվեստական ոճով պատրաստված ռեպորտաժին:
«Ցավում եմ, որ այդ արգելքը միայն մեզ համար կա, բայց ասեմ, որ դա սուտ է ու կեղծիք, և եղելությունն այլ լույսի տակ են ներկայացված»,- ասաց Աթանեսյանը և որոշակի պարզաբանում ներկայացրեց:
«2009 թ. նոտարական այդ տարածքում ընդամենը երեք նոտար էին, որոնցից միայն մեկը տարածքն անհատույց օգտագործելու իրավունք չուներ, քանի որ 2001 թվականից հետո էր նշանակվել: Այդ տարածքները ՀՀ կառավարության 2009թ. որոշմամբ փոխանցվել էին Երևանի համայնքին, իսկ Հրայր Թովմասյանը նախարար է դարձել է 2011 թ., որից հետո՝ նույն 2011 թ. Նորայր Փանոսյանը դրվագել է վարչության պետ: Այսինքն՝ արդեն այդ ժամանակ տվյալ տարածքը պատկանում էր Երևան համայնքին և համայնքն է տնօրինել այդ տարածքները: Հետևաբար, Հրայր Թովմասյանի կամ Նորայր Փանոսյանի կողմից որևէ նոտարի իրավունքների խախտում չի եղել: Այս ամենից էլ արդեն պարզ է, որ այդ ռեպորտաժը սուտ է. հիմնական տվյալները տրվել են սուտ, մնացած ամբողջն էլ կեղծիք է և մանիպուլյացիա»,- պարզաբանեց Տիգրան Աթանեսյանը:
Աթանեսյանի խոսքով՝ վարչապետի կողմից ռեպորտաժը տարածելը և համապատասխան արձագանքից կարելի է ենթադրել, որ կամ առկա է նրա կողմից տրված ապօրինի ցուցում քրեական գործով, կամ պարզապես նա խաղալիք է դարձել իրավապահների ձեռքում և չի տիրապետում իրավիճակին: «Երկու դեպքում էլ շատ վատ է: Ես խորհուրդ եմ տալիս, որ վարչապետն ունենա մի խորհրդական կամ օգնական, որն իրավապահ համակարգից տեղյակ է: Եթե նա տեղյակ չէ մանրամասներից, թե ինչպես կարող են գործը թխել, ինչպես կարող են սուտ ձևով զեկուցել և սևը սպիտակ ներկայացնել, դա վատ է: Դրա համար պետք է ունենալ խորհրդականներ, որոնք կբացատրեն այդ իրողությունը: Չի կարելի միանշանակ վստահել մեկին նման հարցերում և առհասարակ վարչապետին չի կարելի խարկվել քրեական գործի ընթացքին, երբ այն դեռ նախաքննություն փուլում է, սա ուղղակի ճնշում գործադրել է: Սա բացահայտ ճնշում է նախաքննության մարմնի, դատարանների վրա երկրի ղեկավարների կողմից»,- ընդգծեց նա:
Այն դիտարկմանը, թե ստացվում է, որ վարչապետն ուղղորդում է նախաքննական մարմնին՝ Աթանեսյանը պատասխանեց. «Արդեն ուղղորդվել բառն էլ այստեղ տեղին չէ, սա պարզապես հրահանգավորել է»:
Թե ինչպես կարող էին ՀՔԾ-ի տվյալները հայտնվել «Հանրային հեռուստաընկերության» մոտ և խախտվեր նախաքննական գաղտնիքը, Աթանեսյանն ասաց, բնականաբար, նման բաները պատահական չեն լինում: «Շատ ցավալի է. թե՛ այդ հոլովակը, թե՛ հրատարակման եղանակները, պարզապես էլ խոսքի տեղ չեն թողնում, թե ինչքան հիմնարար իրավունք ու սկզբունք է խախտված, ինչպես նաև Սահմանադրությունը: Ինչ հնարավոր է խախտել, խախտվում է դրանով և այստեղ արդեն խոսք չկա, այստեղ մնում է տալ իրավական գնահատական»,- ասաց փաստաբանը:
Ինչ վերաբերում է իրավաբանների տեսակետին, թե «Հանրային հեռուստաընկերության» նկատմամբ պետք է հայցադիմում ներկայացվի զրպարտության և իրավունքի խախտման վերաբերյալ, Աթանեսյանն ասաց, որ համաձայն է. «Պետք է հայցադիմում ներկայացնել ոչ միայն «Հանրային հեռուստաընկերության» նկատմամբ, այլև պատասխանատվության ենթարկել այդ նյութի պատվիրատուներին և հեղինակներին»,- եզրափակեց նա:
Նշենք, որ «Հանրային հեռուստաընկերության» տեսանյութը ֆեյսբուքյան իր էջում տարածել էր վարչապետը և գրառում արել. «Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ և որևէ կապ ունենալ ՍԴ-ի հետ»: Փաշինյանի այս գրառմանն արձագանքել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը: Նա, մասնավորապես ասել է. «Գործ ունենք սահմանադրական կարգի տապալման և ՍԴ յուրացման առերևույթ հանցակազմի հետ»: