Երկրի ղեկավարը ինչ-որ գրիչի պատմություն է դնում և լուրջ մեղադրանք ներկայացնում. պետական անվտանգության խնդիրներ են ի հայտ գալիս. «Ժառանգության» նախագահ
Կարելի էր նույնիսկ լիցքաթափվել այդ գրիչի հարցից, բայց արդեն պետական անվտանգության խնդիրներ են ջրի երես դուրս գալիս: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահի՝ վարչապետին նվիրած գրիչի վերաբերյալ գրառմանը։
«Եթե երկրի ղեկավարը ինչ-որ գրիչի պատմություն է դնում լուրջ մեղադրանքի հիմքում, կարծում եմ՝ այլ մեկնաբանությունների կարիք չկա»,- ասաց նա:
Անդրանիկ Գրիգորյանի կարծիքով՝ հարցը քաղաքական տիրույթի համար ահազանգ է առ այն, որ պետական համակարգը լրջագույն ճգնաժամի մեջ է:
«Պետք է ինչ-որ պրոցեսներ սկսվեն: Անկեղծ ասած, դրանք արդեն սկսվել են, բայց ցավոք սրտի, այդ պրոցեսները հիմնականում «սև ու սպիտակ» տիրույթում են: Տեղի է ունենում նախկինների համախմբում և առողջ ուժերը, որոնք տարիներ շարունակ նոր Հայաստանի համար պայքարել են, կարծես թե հասարակական գործընթացներում այդքան մեծ դերակատարում չունեն: Սա է վտանգավոր»,- նշեց նա:
«Ժառանգություն» կուսակցության նախագահի խոսքով՝ ամբողջ քաղաքական տիրույթը և հասարակությունն իր գնահատականը տվել է Փաշինյանի՝ գրիչի մասին գրառմանը. «Այս ամենը լուրջ չէ, ցավալի լուրջ չէ: Իրականում երկրում բավականին հարցեր այնքան են անլրջացել, որ արդեն լուրջ հարցերի շուրջ մեկնաբանությունները մնում են լուսանցքում, և սա հիմնական իշխող քաղաքական թիմի ամենամեծ բացթողումներից է: Համաժողովրդական շարժումը չծառայեցրեցին երկրի նպատակների, խնդիրների լուծման, այլ ուղղակի յուրաքանչյուրն իր վերարտադրության խնդիրն առաջնային դիտարկեց և ունենք այն, ինչ ունենք»,- ասաց Անդրանիկ Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Կապանում կայացած մամուլի ասուլիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իրեն պարբերաբար իր ծառայություններն է առաջարկել, ինչին արձագանքելով՝ Հրայր Թովմասյանը հայտարարություն էր տարածել։
ՍԴ նախագահը պահանջել էր, որ Փաշինյանը հրապարակավ վկայակոչի գոնե մեկ արժանահավատ փաստ, մեկ օբյեկտիվ փաստական տվյալ՝ ասածն ապացուցելու համար։
Ի պատասխան այս հայտարարության՝ վարչապետը խոստացել էր Կապանից Երևան հասնելուն պես, հրապարակել փաստ այն մասին, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել իրեն: Նախօրեին նա գրառում է արել «Ֆեսյբուքի» իր էջում և գրառմանը կից հրապարակել գրչի լուսանկար, որն ըստ վարչապետի, իրեն է նվիրել Հրայր Թովմասյանը։