Այս նախագիծը հանրային աջակցության պարագայում կարող է դառնալ պաշտոնական. Արծրուն Հովհաննիսյանը՝ ՊՆ տարբերանշանի նոր տարբերակի մասին
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով մամուլում օրերս քննարկման առարկա դարձած ՀՀ ՊՆ տարբերանշանին: Նա մասնավորապես նշել է, որ նախագիծ է, դեռ պաշտոնական և վերջնական չէ: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Երեկ շատ քննարկվեց այս թեման։
Ես գիտեմ, որ բոլորս միաժամանակ մասնագետ ենք տիեզերքից մինչև բալետ ու ֆուտբոլ։ Բայց խնդրում եմ մինչև վերջ կարդալ։ Սա ՀՀ ԶՈւ-երի զինանշանը չէ, այլ ՀՀ ՊՆ տարբերանշանի տարբերակ։
Եթե մի կողմ թողնենք մեր անձնական կարծիքները, ապա այստեղ կարևոր է մի քանի հանգամանք։
1. Սա նախագիծ է, պաշտոնական չէ, վերջնական չէ։
2. Ոչ այս նկարում, ոչ երեկվա շրջանառված նկարում գծերի համաչափությունը կարող է պահպանված չլինել, քանի որ այն վեկտորային ֆայլը չէ։
3. Այս նախագիծը հանրային աջակցության պարագայում կարող է դառնալ պաշտոնական։ Կարող է դառնալ»։
Նշենք, որ դեռ երեկ մամուլում տեղեկություններ էին տարածվում ՀՀ ՊՆ զինանշանի փոփոխման մասին: Մասնավորապես ֆեյսբուքյան օգտատեր Մարինա Մանուչարյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր ՊՆ տարբերանշանի նոր տարբերակի լուսանկարը՝ նշելով, որ սա ՀՀ ՊՆ-ի նոր լոգոն է: