ԱԺ-ում քննարկեցին օզոնային շերտը քայքայող նյութերի փոխադրման արգելքը
Հայաստանի տարածքում կարգելվի արտադրել նյութեր, որոնք նպաստում են օզոնային շերտի քայքայմանը: Այս մասին հունվարի 23-ին ԱԺ նիստում «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ընթացքում հայտարարեց շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը:
Արգելքը կտարածվի այն երկրներից օզոնը քայքայող նյութերի ներմուծման վրա, որոնք չեն ստորագրել համապատասխան կոնվենցիաները (Մոնռեալի եւ Վիեննայի): Կարգելվի նաեւ այդ երկրներ համանման նյութերի արտահանումը, արգելքը կտարածվի նաեւ Հայաստանի տարածքով օզոնը քայքայող նյութերի տարանցման վրա: «Ըստ էության, այս օրենսդրական փաթեթով կարգավորվում են օզոնը քայքայող նյութերի արտադրության, ներմուծման, արտահանման եւ տարանցման սահմանափակումները»,- պարզաբանեց Ղափլանյանը: