Մարդիկ մտածում են՝ այնպես անեն, որ կովերը չմրսեն, բայց պարզվում է՝ կովերի համար մինչեւ – 30 աստիճանը նորմալ է. Փաշինյան
Մեր կաթ արտադրողներն այնքան էլ գոհ չեն մթերման գներից ու պրակտիկայից, մյուս կողմից ունենք արտադրողներ, որոնք ՀՀ-ում չեն կարողանում իրենց անհրաժեշտ կաթային հումքը ձեռք բերել: Այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա այն դիլեման է, որ մենք փորձում ենք լուծել, այդ թվում խելացի անասնագոմերի ծրագրով: Այս ուղերձը մենք պետք է հստակ ուղղենք, որ այն ձեւերը, որոնցով սովոր ենք կաթ արտադրել, այդ ձեւով արտադրված կաթն այլեւս մրցունակ չէ շուկայում լուրջ արդյունաբերական, բիզնես գործունեություն ծավալելու համար: Հետեւաբար, քաջալերում ենք, որ ներգրավվեն խելացի գոմերի կառուցման մեջ: Այդ դեպքում մենք ծախսված գումարի 50 տոկոսը վերադարձնում ենք: Նաեւ սուբսիդավորվող վարկավորում ունենք այս ծրագրի համար. եթե մարդիկ իրենց սեփական միջոցներով են կառուցում, 50 տոկոսը տալիս ենք: Սահմանային հատվածներում վերադարձնում ենք ծախսված գումարի 70 տոկոսը»,-ասաց վարչապետը:
Նա նկատեց, որ մեր գյուղերում գոմերում հեղձուցիչ մթնոլորտ եւ մարդիկ մտածում են՝ այնպես անեն, որ կովերը չմրսեն. «բայց պարզվում է, որ կովերը մինչեւ – 30 ջերմաստիճանն իրենց համար նորմալ է: Ընդհակառակը, տաք ջերմաստիճանը խանգարում է նորմալ կաթնատվությանը: Նրանց պետք է ապահովել մաքուր օդով»,-ասաց նա:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ այս տարվա ընթացքում խելացի անասնագոմերի թիվը 100-ից ավելի կլինի:
Նա վստահեցրեց, որ որքան էլ կաթի արտադրությունն աճի, մթերման խնդիր չի լինի. «2019-ի գնահատականներում ՀՀ-ում արտադրում ենք մոտ 700 հազար տոննա կաթ, իսկ ներքին ինքնաբավության սահմանը մեկ մլն տոննան է: Այսինքն եթե 40 տոկոսով էլ կաթի արտադրությունն ավելացնենք, տեղական պահանջարկը կբավարարի այդ կաթը գնելու համար, իհարկե խելամիտ գնով եւ որակով»: