ՈւԵՖԱ. Հենրիխ Մխիթարյանը՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչի լավագույն խաղացող
Ստոկհոլմում տեղի ունեցած Եվրոպայի լիգայի եզրափակիչի լավագույն խաղացող է ճանաչվել «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության մասնակիցների 42 տոկոսը քվեարկել է հայ ֆուտբոլիստի օգտին:
Երկրորդ տեղը զբաղեցրած ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան ստացել է ձայների 34 տոկոսը, իսպանացի կիսապաշտպան Անդեր Էրերան՝ 11 տոկոսը, բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին՝ 10 տոկոսը:
Հիշեցնենք, որ Պոգբայի եւ Մխիթարյանի գոլերի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» 2:0 հաշվով հաղթել է Ամստերդամի «Այաքսին»՝ առաջին անգամ նվաճելով Եվրոպայի լիգայի գավաթը: