Առաջիկա քայլերի ուրվագիծը
Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին օրերին տված հարցազրույցները և մեկնաբանությունները վկայում են, որ հետընտրական անկումային տրամադրությունները հիմնականում կրում են տեխնիկա-տակտիկական բնույթ։ Համենայն դեպս այդպիսի տպավորություն է ստեղծվում Ժառանգության ղեկավարի խոսքերից։
Սոցիալական ծանրագույն պայմաննների, անարդարության օրեցօր ճնշող դարձող մթնոլորտի առկայության դեպքում, երկրում որևէ փուլ չի կարող համարվել կայուն, հանդարտ և վերահսկողության տակ գտնվող։ Եվ նույն իշխանության ներսում շատ լավ հասկանում են, որ նույնիսկ 100 տոկոսանոց վերահսկելի խորհրդարանը չի տալիս հանդարտ և ամեն ինչ հաշվարկված կյանքի երաշխիք։
Րաֆֆի Հովհաննիսյանն ապագա անելիքների մասին խոսելիս օգտագործում է «restart» տերմինը, ինչը, կարծում ենք, առավելագույն ճշգրտությամբ է բնորոշում այս փուլը։ Restart-ի պատմական անհրաժեշտություն ունեն բոլորը՝ իշխանությունները, խորհրդարանական ուժերը, ԱԺ-ում չհայտնված կուսակցությունները, անհատները, նրանք՝ ովքեր պատրաստվում են առաջիկայում ակտիվորեն նրագրավվել քաղաքական պրոցեսներին, եւ իհարկե, նրանք, ովքեր չունեն ցանկություն դա անելու, բայց ունեն պրոցեսների վրա ազդելու որոշակի լծակներ։
Տնտեսական դժվարությունների ֆոնին, առաջիկայում սպասվում է Ղարաբաղի բանակցային պրոցեսի ակտիվացում, և իհարկե 10 ամիս հետո՝ Հայաստանում իշխանության ձևավորման ավարտական փուլը։ Եթե առաջին խնդիրը ավելի շատ հայրենասիրական-զգացմունքային նոտաներով կարող է ցանկացած պահի լայն զանգվածներ համախմբել, ապա երկրորդը բացառապես սառը, պրագմատիկ հաշվարկների և որոշումների ենթատեքստ ունի։ Գաղտնիք չէ, որ ընդդիմադիր շրջանակներում քննարկվում է, որ սահմանադրական պայքարի լավագույն պահը գալիք մարտ-ապրիլ ամիսներն են, մի ժամանակահատված, երբ Ս. Սարգսյանը դադարում է լինել նախագահ։ Զանգվածային շուրջօրյա, խոշոր և խաղաղ հավաքների ճնշմամբ , ճիշտ պահին այս ԱԺ-ից կարելի է ստանալ ցանկացած անակնկալ։
Սրանք, իհարկե, առայժմ տեսական սցենարներ են։ Եվ իսկապես շատ բան կախված է իշխանության և իրական ընդդիմության restart-ի գնալու ունակությունից։ Ասել է, թե իրական դաշինքները, եւ իրական համագործակցության սխեմաները նոր են ձեւավորվելու։ Չէ՞ որ դաշինքները միայն ԱԺ մանդատների համար չեն։ Դրանք կարող են լինել շատ ավելի լուրջ բաների համար։
Վահրամ Գեւորգյան