Նոր լարվածություն թուրք-գերմանական հարաբերություններում. Թուրքիայի կողմից փնտրվող անձը Գերմանիայում ազատ է արձակվել
Թուրքիայի և Գերմանիայի միջև նոր քաղաքական լարվածություն է հասունանում՝ կապված Թուրքիայի կողմից փնտրվող Մ. Ս. Ֆ.-ի Գերմանիայում հայտնաբերման ու գերմանացի իրավապահների կողմից ազատ արձակման հետ:
Ինչպես նշում է թուրքական haberler.com կայքը, Մ.Ս.Ֆ.-ն Թուրքիայում մեղադրվում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Դիարբեքիրի երիտասարդական թևի ղեկավար Յունուս Քոջայի սպանության կազմակերպման համար:
Թուրքիայի կողմից փնտրվող անձը գտնվել է Գերմանիայի Քյոլն քաղաքում, սակայն այն դեպքում, երբ Թուրքիան սպասում էր նրա արտահանձնմանը, Գերմանիայում որոշել են նրան ազատ արձակել:
Կայքը նկատում է, որ գերմանական պարբերականի Թուրքիայի թղթակից Դենիզ Յուջելի՝ Թուրքիայում կալանավորման, Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեին ընդառաջ թուրք քաղաքական գործիչների՝ Գերմանիայում ելույթների չեղարկման, ինչպես նաև մի շարք թուրք զինվորականների՝ Գերմանիայից ապաստան ստանալու ու թուրքական «Ինջիրլիք» ռազմաբազա գերմանացի պատգամավորների այցի չեղարկման դեպքերից հետո Մ.Ս.Ֆ.-ի արտահանձնման դեպքը կրկին կշարունակի լարված պահել թուրք-գերմանական հարաբերությունները: