2019թ. ընտրություններին ընդառաջ Էրդողանը միանգամից երկու քաղաքական ծրագիր կմշակի
Թուրքական «Hürriyet» թերթի կայքի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է Էրդողանի և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջիկա քաղաքական ծրագրերին:
Մասնավորապես, Սելվին նշում է, որ Էրդողանի բրյուսելյան այցից հետո կադրային փոփոխություններ են սպասվում ինչպես ԱԶԿ-ի ներսում, այնպես էլ նախագահական կաբինետում: Այս մասին հայտարարել է հենց ինքը՝ Էրդողանը, Բրյուսել մեկնելուց առաջ:
Իսկ այդ փոփոխություններից հետո կկազմվեն և կհրապարակվեն ԱԶԿ-ի և Էրդողանի քաղաքական ծրագրերը, որոնք կընդգրկեն մինչև 2019թ. ավարտն ընկած ժամանակահատվածը: Ծրագրերից մեկը կկազմվի նախարարությունների կողմից, իսկ մյուսը կլինի անձամբ Էրդողանի քաղաքական ուղեցույցը:
Այդ ծրագրերում հատկապես մեծ տեղ կտրվի Գյուլենական համայնքի (FETÖ) դեմ պայքարին, և առաջիկա ՏԻՄ ընտրությունների բոլոր թեկնածուները խստորեն կուսումնասիրվեն FETÖ-ի հետ հավանական կապի տեսանկյունից:
Էրդողանի քաղաքական ծրագիրը կկազմվի ռամազանի ընթացքում և կհրապարակվի անձամբ Թուրքիայի նախագահի կողմից: Այդ ծրագրի մշակման և իրագործման համար և նախագահականում, և ԱԶԿ-ում հատուկ աշխատանքային խումբ կստեղվի:
«2019թ. ընտրություններում որևէ անակնկալից խուսափելու համար Էրդողանը հիմիկվանից է գործի անցել: Այդ իսկ պատճառով նա անձամբ կհետևի քաղաքական ծրագրի մշակման աշխատանքներին, որը պետք է ստեղծվի նախարարություններից ստացված առաջարկների հիման վրա», - գրում է հեղինակը:
Աղբյուր` Ermenihaber.am