Խորհրդարանը քննարկում է բանկային գաղտնիքը բացելու մասին օրենքը
Օրենքով, այսօրվա դրությամբ սահմանափակ է սուբյեկտների թիվը, որոնց մասին իրավապահ մարմինները կարող են բանկային գաղտնիք պարունակող տեղեկատվություն ստանալ։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում, երկրորդ ընթերցմամբ «Քրեական դատավարության» եւ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, որոնցով նախատեսվում է բանկային տեղեկատվության բացում, հունվարի 21-ին ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Մասնավորապես, նա ասաց, որ օրենքով կարելի է իմանալ միայն կասկածյալների եւ մեղադրյալների բանկային գաղտնիքը։ Նման մոտեցումը, կառավարության կարծիքով, խոչընդոտում է կոռուպցիոն ռիսկերի հետ կապված գործերի հետաքննությանը, քանի որ հաճախ կոռուպցիայի հետաքննությունը կարող է կապված լինել ոչ միայն այդ անձանց, այլ նաեւ նրանց հետ փոխկապված մարդկանց հետ։ Բացի այդ, ինչպես կարծում են արդարադատության նախարարությունում, որոշ դեպքերում ապացույցները, որոնք անհրաժեշտ են մարդուն որպես մեղադրյալ ներգրավելու համար, բանկային գաղտնիքի պատճառով հասանելի չեն քննությանը։
Բադասյանը պարզաբանեց, որ նախատեսվող լրացումներով առաջարկվում է հանել սահմանափակումները, բայց եւ նախատեսել երաշխիքների եւ սահմանափակումների կոնկրետ մեխանիզմներ։ Մասնավորապես, կկազմվի հանցագործությունների լրիվ ցուցակը, որոնց դեպքում կարելի կլինի միջնորդություն ներկայացնել բանկային գաղտնիքը բացելու վերաբերյալ, ինչպես նաեւ դատախազության կողմից կապահովվի միջնորդության ներկայացման վերահսկողությունը։ Բացի այդ, դատարանը պետք է հիմնավորված որոշում ներկայացնի, գնահատի՝ արդյո՞ք միակն է այդ ասպեկտը եւ արդյո՞ք անհնար է այդ տեղեկատվությունը պարզել այլ եղանակներով, ինչպես նաեւ անձին կայացված որոշման մասին տեղեկացնելու եւ դրա վիճարկման հնարավորություն տալ։
Օրինագծի դեմ հանդես եկավ խորհրդարանական ընդդիմությունը հանձինս «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների։ Ընդդիմությունը մտահոգություն հայտնեց այն առնչությամբ, որ դա կարող է ապակայունացնել հանրապետությունում գրանցված բանկերի աշխատանքը եւ նվազեցնել ներդրողների վստահությունը։