Թուրքիան պատրաստվում է բանտից բաց թողնել օրենքով գող Լավասօղլուին
Հայտնի վրացի օրենքով գող Մինդիա Գորաձեն՝ քրեական շրջանակներում հայտնի որպես Լավասօղլու, Թուրքիայում փետրվարին կարող է դուրս գալ բանտից. թուրքական կողմը պատրաստվում է բաց թողնել նրան, եթե Վրաստանը չհամաձայնի ընդունել Գորաձեին: Այս մասին հաղորդում է «Sputnik Վրաստան»-ը:
Ներկայում Գորաձեն գտնվում է Թուրքիայում արտահանձնման եզրակացությամբ. նրան ձերբակալել են 2018թ. հոկտեմբերին Տրապիզոնում: Քրեական հեղինակությանը հետախուզել են Վրաստանի իշխանությունները Ինտերպոլով: Թուրքական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ այն բանից հետո, երբ օրենքով գողը ձերբակալվել է, երկրի իշխանությունները դիվանագիտական ալիքների օգնությամբ բազմիցս փորձել են նրան արտահանձնել հայրենիք: Սակայն Վրաստանը մինչև այժմ հրաժարվում է ընդունել Գորաձեին: Ընդ որում, օրենքի գողի արտահանձնման ժամկետը լրանում է 2020 թվականի փետրվարին: Եթե մինչ այդ Վրաստանը չհամաձայնի ընդունել քրեական հեղինակությանը, Թուրքիան ստիպված կլինի նրան ազատ արձակել:
Այն մասին, որ Գորաձեն ձերբակալվել է Թուրքիայում, հայտնի է դարձել 2018 թվականի հոկտեմբերի 25-ին: Օրենքով գողի ավտոմեքենան կանգնեցրել են ոստիկանական ռեյդի ժամանակ: Մեքենայի խուզարկության ժամանակ թուրք ոստիկանները հայտնաբերել են չգրանցված հրաձգային զենք՝ ատրճանակ և փամփուշտներ: