Հնազանդ գորշ զանգվածն ակտիվացել եւ ագրեսիվացել է
Ագրեսիվ հնազանդ գորշ զանգվածն ակտիվացել է: Ավելի ճիշտ ագրեսիվացել: Նրանք արդեն չեն լռում, այլ անցել են հարձակման: Նրանք ցանկանում են հասնել վերջնական հաղթանակի: Նրանք հասկանում են, որ սա իրենց վերելքի գագաթնակետն է:
Իսկ ովքեր են նրանք: Նրանք ընտրակաշառք վերցնողներն են, անգամ իրենց տան խողովակն ուրիշի հաշվին նորոգել ցանկացողները, երեխաների ուսման վրա լումա ծախսել չցանկացողները, իրենց տան դռնից այն կողմ թշնամական եւ օտար տարածք համարողները, Ռուսաստանի Ալթայի երկրամասում ապրել ցանկացողները, Հայաստանը՝ հայրենիք չհամարողները, Երեւանի գլխավոր հրապարակում խորոված անողները եւ դրանով հիացողները, սոցցանցերում հայատառ գրելուն դեմ արտահայտվողները (հայատառ չեն գրում, որ անգրագիտությունը թաքցնեն):
Եւ հիմա, այս ագրեսիվ հնազանդ գորշ զանգվածն անցել է գրոհի: Նրանք արդեն բարձրաձայն հայտարարում են՝ լավ են արել, որ հրապարակում խորոված են արել, լավ ենք անում, որ հայերեն չենք գրում, լավ ենք անում, որ Հայաստանը հայրենիք չենք համարում. «որտեղ հաց, այնտեղ կաց» կամ «եղունգ ունես՝ գլուխդ քորի» ասելով շարունակում են ոտնատակ տալՀայաստանը:
Սա իրականությունն է: Իրականություն է նաեւ այն, որ այս զանգվածի հաղթարշավի դեպքում մենք այլեւս պետություն եւ հայրենիք չենք ունենա: Այն ազգը, որը չի գիտակցում, թե ինչ է նշանակում մայրենիով գրելու հնարավորություն ունենալ եւ չգրել, որը չի հասկանում, թե ինչ է նշանակում գլխավոր հրապարակում խորոված անելը, ոչ թե չի կարող, այլ իրավունք չունի պետություն ունենալ:
Մնում է որոշենք, թե երբ ենք արթնանալու այս թմբիրից:
Top-News.am