Իտալական Versace նորաձեւության տունը հրաժարվել է կենգուրուի կաշվի օգտագործումից
Իտալական Versace նորաձեւության տունը հրաժարվել է կենգուրուի կաշվի օգտագործումից իր հավաքածուների պատրաստման համար կենդանիների իրավունքների LAV կազմակերպության պաշտպանների ճնշման տակ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Հայտնի բրենդը, ինչպես տեղեկացնում է The Guardian թերթը, ի լուր աշխարհի չի հայտարարել այդ արգելիչ միջոցի մասին, բայց թույլ է տվել դա անել իրավապաշտպաններին։ «Մենք այս հաշվով պաշտոնական հայտարարությամբ հանդես չենք եկել, բայց կարող ենք հաստատել, որ վերջնականապես դադարել ենք օգտագործել կենգուրուի կաշին, սկսած 2019 թվականի հավաքածուներից»,- բրիտանական պարբերականին էլեկտրոնային փոստով ասել են Versace-ի ներկայացուցիչները։
LAV-ի ներկայացուցիչ Սիմոնե Պավեզեն իր հերթին հայտարարել է, որ իրավապաշտպանները «ընկերություններին ցուցադրել են պատկերներ եւ տեսանյութեր այն մասին, թե ինչպես են կենգուրուներին սպանում ամենադաժան ձեւով, եւ նրանք, հասկանալով իրավիճակի ողջ լրջությունը, գուցե, գերադասել են շատ չտարածվել կենգուրուի կաշվի օգտագործման առումով»։
Ավստրալիայում ուժեղ հրդեհների հետեւանքով վերացել է կենդանիների, այդ թվում կենգուրուների հսկայական քանակություն, նշել է Պավեզեն։ «Դա իսկական էկոլոգիական աղետ է, որը կարող է ոչնչացնել կենդանիների շատ տեսակներ Երկրի երեսից»,- ավելացրել է նա։
Կենգուրուի կաշվի օգտագործման առաջին արգելքն իր հավաքածուներում դրել է իտալական մարզահագուստ, կոշիկ եւ աքսեսուարներ արտադրող Diadora ընկերությունը։ Բայց ինչպես եւ Versace-ն, Diadora-ն հրապարակային հայտարարություններ չի արել։
Եվրամիությունը, հիշեցնում է պարբերականը, Ավստրալիայից կենգուրուի մսի եւ կաշվի ամենամեծ ներկրողն է, իսկ Իտալիան՝ կաշվի առաջատար ներկրողը։ Իտալական մի շարք մարզական բրենդներ կաշին օգտագործում են ֆուտբոլի մարզակոշիկներ պատրաստելու համար։
Երկու տարի առաջ Versace-ն հրաժարվել էր օգտագործել բնական մորթիներ հագուստի պատրաստման մեջ։ «Ես չեմ ցանկանում կենդանիներ սպանել հանուն նորաձեւության։ Դա ճիշտ չէ»,- այն ժամանակ ասել էր նորաձեւության տան ղեկավար Դոնաթելա Վերսաչեն «1843» ամսագրի հարցազրույցում։
Versace նորաձեւությունների տունը հիմնադրվելէ 1978-ին իտալացի մոդելյոր եւ դիզայներ Ջանի Վերսաչեի կողմից, որը 1997-ին սպանվեց սերիական մարդասպանի կողմից սեփական տան շեմին։ Նրա գործը շարունակեց կրտսեր քույրը՝ Դոնաթելան։