Մեծ Բրիտանիան բարձրացրել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը մինչեւ կրիտիկական
Մեծ Բրիտանիան բարձրացնում է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը՝ լուրջից մինչեւ կրիտիկական։ Այս մասին հայտնել է վարչապետ Թերեզա Մեյը, հայտնում է BBC-ն։
Նա նաեւ հայտնել է, որ զինվորականները՝ ոստիկանության հրամանատարությամբ, ներառվելու են «Տեմպորա» կոչվող գործողության մեջ։ Զինծառայողները ապահովելու են անվտանգությունը «խոշոր միջոցառումների» ժամանակ, ինչպիսիք են ֆուտբոլի խաղերը ու համերգները։
Նրա խոսքով, բացառված չէ, որ Մանչեսթերում պայթյունի համար պատասխանատու էր «անձանց ավելի լայն խումբ»։
Մայիսի 22-ի երեկոյան «Մանչեսթեր Արենա» մարզադաշտում, որտեղ անցնում էր ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, ահաբեկչություն է տեղի ունեցել։ Մահապարտ ահաբեկչի պայթյունից զոհվել է 22, վիրավորվել 59 մարդ։ Պատասխանատվություն է ստանձնել «Իսլամական պետությունը»։ Հիմնական կասկածյալը Մեծ Բրիտանիայի բնակիչ 22-ամյա Սալման Աբեդինն է, որը ծագումով Լիբիայից է։