Կեսգիշերին կմարեն Էյֆելյան աշտարակի լույսերը
Փարիզի Էյֆելյան աշտարակի լույսերը կեսգիշերին կմարեն՝ ի հիշատակ Մանչեստրում՝ մահապարտ–ահաբեկչի կողմից իրականացված պայթյունի։ Այս մասին հաղորդել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։
«Մանչեստրում հարձակում իրականացնելով՝ ահաբեկիչները ցանկացել են հարձակվել նաեւ մեր ընդհանուր արժեքների վրա՝ դեմոկրատիայի գաղափարներին մեր անսասան նվիրվածության, ազատության, հումանիզմի եւ համերաշխության վրա»,– հայտարարել է նա։
Քաղաքապետը կոչ է արել աշխարհի մայրաքաղաքներին՝ միանալ ահաբեկչության դեմ պայքարին։ Նա նաեւ ցավակցել է 22 զոհվածների ընտանիքներին, որոնց թվում նաեւ երեխաներ են եղել։ «Ես ձեզ հավաստիացնում եմ, որ փարիզեցիները, ովքեր արդեն վերապրել են նման փորձություն, այսօր ձեզ հետ են»,– ավելացրել է Իդալգոն։
Քաղաքապետը նշել է, որ առաջիկա օրերին Փարիզում նախատեսված համերգներն ու մասսայական միջոցառումները չեն չեղարկվի։ «Սա լավագույն պատասխանը կլինի նրանց, ովքեր գործում են առաջնորդվելով ֆանատիզմով եւ ատելությամբ»,– ավելացրել է քաղաքապետը։