Ռուսաստանցիների 84 տոկոսը Թուրքիա այցելել չէր ցանկանա
Ռուսաստանցիների 84 տոկոսը Թուրքիա այցելել չէր ցանկանա, այս մասին են վկայում Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) վերջին տվյալները: Դա պայմանավորված է Թուրքիայում անհանգիստ իրավիճակով։
Ինչպես հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը, Սանկտ Պետերբուրգի բնակիչների 19, իսկ Մոսկվայում ապրողների 28 տոկոսը Թուրքիան դիտարկում է որպես լավ ու մատչելի հանգստավայր:
Ընդհանուր առմամբ, Թուրքիայում իրենց հանգիստն են պլանավորում անցկացնել ռուսաստանցիների 13 տոկոսը:
Հարցումից պարզ է դարձել, որ Թուրքիայի հանդեպ հետաքրքրություն են դրսևորել ավելի շատ Ռուսաստանի մեծ քաղաքներում:
Հարցումն անցկացվել է մայիսի 14-16-ը, մասնակցել է շուրջ 1.800 ռուսաստանցի:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել էին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Դրանից հետո Ռուսաստանը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել էր ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։
Սակայն անցյալ տարվա ամռան սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել ռուսական իշխանություններից կատարվածի համար, ինչին հաջորդել են երկու երկրների հարաբերությունների վերականգնման աշխատանքները։