Իրանին չի կարելի բացառել Սիրիայի հակամարտության կարգավորումից. Լավրով
Իրանին չի կարելի բացառել Սիրիայի հակամարտության կարգավորման միջազգային գործընթացից։ «ՌԻԱ Նովոստի»-ի՝ փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
«Հիշեցնեմ, որ Սիրիայի աջակցության միջազգային խումբը, որը ստեղծվել է մի քանի տարի առաջ, հիմնվում է համընդգրկունության՝ բոլոր արտաքին խաղացողներին ներգրավելու սկզբունքի վրա։ Իրանն այդ խմբի միջուկն է», -ասել է նա։
Լավրովի խոսքով՝ «Աստանայի գործընթացը հիմնված է համընդգրկունության սկզբունքի վրա՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը հանդես են եկել միջսիրիական անմիջական երկխոսության նախաձեռնությամբ՝ կառավարության ու զինված ընդդիմության մասնակցությամբ»։ «Այդ եռյակում Թուրքիան նաեւ հանդես է գալիս որպես Պարսից ծոցի մի շարք արաբական պետությունների ներկայացուցիչ, ներառյալ Սաուդյան Արաբիան, ներառյալ Կատարը»,-նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Նա ընդգծել է, որ Աստանայի բանակցություններն ու Սիրիայի հրադադարը «հավանության են արժանացել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում», ինչը «բավականին ակնհայտ ցույց է տալիս միջազգային հանրության վերաբերմունքն այդ գործընթացի նկատմամբ»։