Անգելա Մերկելը Մանչեսթերի ահաբեկչությունը «մարդատյաց արարք» է անվանել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ խորապես ցնցված է Մանչեսթերում պայթյունի պատճառով, հաղորդում է «Գերմանական ալիք»-ը։
«Անհավանական է, որ ինչ-որ մեկն օգտագործել է այնպիսի ուրախալի իրադարձություն, ինչպիսին փոփ երաժշտության համերգն է՝ այդքան մարդ սպանելու ու մարդկանց ծանր վնասվածքներ հասցնելու համար»,-երեքշաբթի, մայիսի 23-ին հայտարարել է Մերկելը։
Մերկելը խորապես ցավակցել է բոլոր զոհերի հարազատներին, մտերիմներին ու տուժածներին։ Դաշնային կանցլերը հավելել է, որ կատարվածը միայն կամրապնդի «բրիտանացի ընկերների հետ նրանց դեմ միասին պայքարելու Գերմանիայի վճռականությունը, ովքեր ծրագրում եւ իրականացնում են նման մարդատյաց արարքները»։
Մանչեսթերում պայթյուն է որոտացել ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից հետո։ Պայթյունի հետեւանքով տուժածների թիվը հասել է 59-ի: Զոհերի թիվը 22-ն է: Տեղի ունեցածը ահաբեկչություն է որակավորվել։
NEWS.am