Մանչեստրում տեղի ունեցած պայթյունի պատճառով Արիանա Գրանդեն դադարեցրել է հյուրախաղերը
Ամերիկյան երգչուհի Արիանա Գրանդեն դադարեցրել է հյուրախաղերը՝ Մանչեստրում, իր համերգի ժամանակ տեղի ունեցած պայթյունի պատճառով։ Ըստ տեղեկության, Գրանդեն չեղարկել է մայիսի 25-ին Լոնդոնում կայանալիք համերգը։
Ըստ հավաստի աղբյուրների՝ երգչուհին որոշել է անորոշ ժամանակով դադարեցնել իր եվրոպական հյուրախաղերը։ Համերգները պետք է տեղի ունենային ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ՝ Լեհաստանում, Գերմանիայում եւ Շվեյցարիայում։
Նաեւ նշվում է, որ Գրանդեն եւ իր թիմը կվերանայեն հյուրախաղերի գրաֆիկը այն ժամանակ, երբ երգչուհին հոգեպես դրան պատրաստ կլինի։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայիսի 22-ի երեկոյան, Մանչեստրի մարզադաշտում, որտեղ տեղի էր ունենում ամերիկյան երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, պայթյուն է տեղի ունեցել։ Կա 22 զոհ եւ 59 վիրավոր։ Մանչեստրի մարզադաշտի պայթյունն իրականացրել է մահապարտ–ահաբեկիչը։