Բակո Սահակյանն այցելել է զորամասեր
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հունվարի 12-ին այցելել է մի շարք զորամասեր եւ տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին, ներկա գտնվել այնտեղ մի շարք ենթակառուցվածքների բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Նախագահն ընդգծել է, որ Պաշտպանության բանակի մարտունակության հետեւողական բարձրացումը, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավումը միշտ եղել է եւ կմնա պետության առաջնահերթ խնդիրներից մեկը:
Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են նաև, որ շահառու զորամասերի զինծառայողները 2019թ. ընթացքում իրականացված շինարարական աշխատանքների արդյունքում ապահովվել են նորակառույց և արդի բոլոր չափորոշներին համապատասխանող զորանոցներով, որոնցում, բացի կենցաղային ու ծառայողական պայմաններից, լուծված են նաև անվտանգության և մարտական պատրաստականությանն առնչվող հարակից խնդիրները:
Նշված զորամասերում շահագործման են հանձնվել նաև տեխնիկական սպասարկման ու բժշկական կետեր, լցակայան ու վառելիքաքսուքային նյութերի պահեստ, կաթսայատներ և այլ կառույցներ: ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը վստահեցրել է, որ 2020թ. ընթացքում ևս ՊԲ-ում իրականացվող շինաշխատանքները կգտնվեն համապատասխան ստորաբաժանումների մշտական վերահսկողության ներքո և միտված կլինեն զինծառայողների համար ծառայողական ու կենցաղային ամենաբարձր մակարդակի պայմաններ ապահովելուն:
Աշխատանքային շրջայցի ընթացքում հանրապետության նախագահը նաև մի շարք հանձնարարականներ է տվել զինվորականներին ու շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներին հետագա աշխատանքները առավել բարձր մակարդակով իրականացնելու համար:
Լուրեր Հայաստանից - NEWS.am