1984-2020. նախագիծ. դրվագ 1. Մեղավորը Գոլդսթայնն է կամ Ժողովրդի թշնամի ֆեյքերի «բացահայտումը»
Նրանք, ովքեր ծանոթ են Ջորջ Օրուելի «1984» գրքին, գնալով ավելի են համոզվում, որ մեր կյանքը նմանվում է հեղինակի նկարագրած դեպքերին եւ իրադարձություններին: Իշխանության որակի շնորհիվ մեր իրականությունը նմանվում «1984»-ում նկարագրվող իրականությանը:
Մեծ եղբայրը, կարծես թե, իրական կերպարի է վերածվում: Իրական են դառնում գրքում նկարագրվող իրադարձությունները, մարդկային փոխհարաբերությունները, լրատվամիջոցների մատուցած «Ճշմարտությունը»:
Top-News.am-ը շարք է սկսում, որտեղ դրվագ առ դրվագ, իրադարձություն առ իրադարձություն ներկայացնելու ենք մեր ընթերցողին, այն համեմատելով Օրուելի նկարագրած ժամանակաշրջանի հետ:
***
Հունվարի 4, ժամը 23:49. Երեւան. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
1. Հայալեզու կեղծ (ֆեյք) էջը կեղծ լուր է տարածում, թե ես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին շնորհավորել եմ հակաիրանական «հաջողված» օպերացիա կազմակերպելու համար:
2. Այս լուրը արագ հայտնվում է ադրբեջանական մամուլում եւ դառնում օրվա թրենդ:
3. Ադրբեջանական մամուլից լուրը հայտնվում է իրանական մամուլում եւ դառնում որոշ ուժերի հակահայկական ներշնչանքի աղբյուր:
Սա այն դեպքն է, երբ խոսքի կեղծ «ազատությունը» սպառնալիք է ստեղծել մեր ազգային անվտանգության համար: Լուրի հեղինակները եւ նրանց շարժառիթները պետք է պարզվեն:
Հունվարի 5, ժամը 21:35. Երեւան. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին գրում է ֆեյսբուքում.
«ԱԱԾ-ն օպերատիվ բացահայտեց սադրանքի հեղինակին եւ պարզեց նրա քաղաքական կապերը»:
Վարչապետի գրառումից չի անցնում 24 ժամ, իսկ ԱԱԾ-ն բացահայտում է գրառման հեղինակին, որին նույնիսկ կալանավորում են, մեղադրանք առաջադրում, պարզում քաղաքական հայացքները, բայց այդպես էլ դեմքը չեն ցուցադրում եւ ձայնն էլ փոխում են:
Ավելին, ԱԱԾ-ի տարածած տեսանյութում անդեմ եւ անձայն ֆեյքը ասում է, թե Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցն է, եւ որ հենց այդ պատճառով էլ դիմել է այդ քայլին:
Բնականաբար, այս հրապարակումներից հետո սկսվում է հակաքոչարյանական հերթական հիստերիան: Ճիշտ եւ ճիշտ այնպես, ինչպես «1984»-ում ամեն ինչի համար մեղավոր էր Գոլդսթայնը:
«Ատելությունն սկսվել էր ընդամենը մի երեսուն վայրկյան առաջ, բայց հանդիսատեսների կեսն արդեն չէր կարողանում զսպել կատաղի գոչյունները։ Անտանելի էր տեսնել այդ ինքնահավան ոչխարային դեմքը ու դեմքից այն կողմ՝ եվրասիական զորքերի սարսափազդու հզորությունը. բացի այդ, Գոլդսթայնին տեսնելիս եւ նույնիսկ ընդամենը նրա մասին մտածելիս վախն ու ատելությունը ծնվում էին ինքնաբերաբար։ Նրա հանդեպ ատելությունը շատ ավելի մշտակայուն էր, քան Եվրասիայի եւ Արեւելաասիայի, քանզի երբ Օվկիանիան պատերազմում էր նրանցից մեկի դեմ, մյուսի հետ սովորաբար հաշտություն էր կնքում։ Բայց ահա թե ինչն էր ամենազարմանալին. թեեւ Գոլդսթայնին ատում ու արհամարհում էին բոլորը, թեեւ ամեն օր, օրը հազար անգամ ամբիոններից, հեռէկրանով, թերթերում ու գրքերում նրա ուսմունքը ժխտում էին, ջարդուփշուր անում, ոչնչացնում, ծանակում՝ իբրեւ խղճուկ ցնդաբանություն, նրա ազդեցությունը բնավ չէր նվազում... Օր չէր անցնում, որ Մտքի ոստիկանությունը չմերկացներ լրտեսներին ու վնասարարներին, ովքեր գործում էին նրա ցուցումներով... Շշուկով խոսում էին նաեւ մի սարսափելի գրքի մասին, հերձվածների ժողովածուի, որի հեղինակը Գոլդսթայնն էր... Երկրորդ րոպեին ատելությունը վերածվեց կատաղության մոլուցքի...»:
Top-News.am