Այլմոլորակայիններն առեւանգել են Հենրիխ Մխիթարյանին. կամ ինչու են մարդիկ այսպիսին
Վաղուց արդեն փաստ է, որ բնակչության մոտ 70-80 տոկոսը սիրում է դիտել սպանությունների, ինքնասպանությունների, ընտանեկան սուր վեճերի, տարատեսակ դաժանությունների մասին պատմող հաղորդումներ: Միայն Հայաստանում չէ այդպես, այլ գրեթե բոլոր երկրներում:
Վերջապես, ինչու է մեծամասնությունը սիրում նման լուրերը եւ հաղորդումները: Ի դեպ, նման սարսափներ սիրում են դիտել ոչ միայն մեծահասակները, այլ նաեւ երիտասարդները:
Գիտնականները վաղուց, շատ վաղուց պարզել են, որ «սկանդալները, ինտրիգները, հետաքննությունները» հետաքրքիր են շատերին: Պատահական չէ, որ դարեր առաջ եւ հիմա էլ որոշ երկրներում մահապատժի տեսարաններն իրականացնում են հրապարակներում, որտեղ հավաքվում են հազարավորներ:
Պարզապես ոմանք կտցում են այպիսի վերնագրերի՝ «Այլմոլորակայինները փախցրել են Ավետ Բարսեղյանին», «Շտապ. Խորթ մայրը բզով ծակել է երեխայի աչքը», ոմանք էլ այսպիսի՝ «Սիրիացի կինը պատմել է գերության տանջանքների մասին»: Հաստատ ավելի շատ այս վերնագրով նյութը կամ հաղորդումը կնայեն, քան այսպիսի՝ «գերությունից ազատվել է տասը կին», թեեւ բովանդակությունը նույնն է:
Եւ վերջապես, ինչու է բնակչության 80 տոկոսը սիրում նման հաղորդումներ եւ լուրեր.
1. Շատերն են սիրում թաքուն հետեւել այլոց անձնական կյանքին: Իսկ ինչպե՞ս է ուրիշների մոտ, որքան գումար են վաստակում, ինչ են ուտում, ինչ է դրված մահճակալի կողքի տումբայի վրա, շատ գումար են ծախսում կնոջ կամ սիրուհու վրա: Իսկ երբ ուրիշները հայտնվում են տարբեր պատմությունների մեջ, սկանդալային, խայտառակ, ամոթալի , ողբերգական, հետաքրքրությունը հազարապատկվում է:
2. «Կիսաբաց լուսամուտների» կարգի հաղորդումները ունեն սցենար, ռեժիսոր: Այսուհանդերձ, շատերն են սիրում դիտել այն, քանի որ համառորեն չեն ցանկանում ընդունել, որ դա սերիալի պես ինչ որ բան է, եւ նաեւ այն պատճառով, որ միմյանց վիրավորում են, անկեղծանում, պատմում, թե ով ում հետ քանի անգամ է քնել կամ ով քանի անգամ է գողություն արել:
3. Մարդկանց մի տեսակ կա, որ սիրում են շոկի մեջ ընկնել, որ առիթ ունենա ասելու՝ էս ինչ սարսափելի է ապրելը կամ այս ուր ենք հասել: Դրա համար նրանք յութուբում սարսափելի կադրեր են փնտրում, 1-02 դիտում եւ ուշադիր նայում, թե դիակն ինչպես են դուրս բերում վթարված ավտոմեքենայից: Նայում են եւ թեթեւացած շունչ քաշում, մտքում կամ բարձր ասելով՝ մեզ չեն սպանում, ավտոմեքենան չեն ջարդում, չեն թալանում, ծեծում, բզով աչքներս չեն հանում:
Բարեբախտաբար գոյություն ունի քսան տոկոս, որն էլ շալակած տանում է մյուս ութսուն տոկոսին, որոնք անչափ շատ են սիրում նման հաղորդումներ եւ ֆիլմեր դիտել:
Top-News.am