Ում համար էր այս ցածրորակ շոուն
Ինստիտուտներն աշխատեցին եւ հայտնաբերեցին մի ֆեյքի, որը հստակ քաղաքական հայացքներ ուներ եւ այդ մասին շտապեց բարձրաձայնել: Ավելին, այդ մասին հարկ համարեց գրել երկրի թիվ մեկ պաշտոնյան: Եւ այս ամենը Սուրբծննդյան տոնի ժամանակ:
Մի պահ եթե մեզ համոզենք եւ հավատանք, որ ադրբեջանցիները հակահայկական տեղեկատվությունը տարածել են բացառապես այդ ֆեյքի գրառման շնորհիվ, ապա նույնիսկ այդ դեպքում անհասկանալի է, թե ինչու այդ մասին հայտարարվեց ի լուր աշխարհի:
Եթե մի պահ մեզ համոզենք եւ հավատանք, որ իրոք այդ ֆեյքն է ադրբեջանցիների ներշնչման աղբյուրը եղել, ապա հասկանալի չէ, թե ինչու է այսքան բարձր մակարդակով շեշտվում, թե նա ինչ քաղաքական հայացքներ ունի:
Եթե մի պահ մեզ համոզենք, որ այս ամենը ոչ թե բեմադրություն, այլ իրականություն է, ապա անհասկանալի է, թե ինչու այս տեղեկությունը մատուցվեց Հայ Առաքելական Եկեղեցու ամենագլխավոր տոներից մեկի ընթացքում:
Այս տեղեկատվության հետ մեկտեղ ակտիվացան իշխանապաշտներն ու նրանց ֆեյքերը եւ սկսվեց հայհոյանքների, սպառնալիքների, անեծքների նոր գրոհը: Հարց՝ ինչո՞ւ չեք հայտնաբերում հայհոյողներին, անիծողներին, սպառնացողներին:
Եւ ձեռքի մեկ շարժումով Սուրբծննդյան տոնի ընթացքում հայաստանյան ֆեյսբուքյան տիրույթում թագավորեց ատելությունն ու հայհոյանքը, սպառնալիքն ու անեծքը:
Ակամա հիշում ես Շառլ Ազնավուրի մահվան օրը, որը հարգանքի տուրքի վերածելու փոխարեն վերածեցին փողոցային գործողության ընդդեմ խորհրդարանական այն ժամանակվա մեծամասնության:
Տարին դեռ չսկսված երկիրը ստացավ ատելության նոր չափաբաժին: Ամեն ինչ արվում է, որ երկրում պառակտում լինի, որ կեղտոտ մթնոլորտը պահպանվի, որ շարունակեն սեւեր ու հակահեղափոխականներ փնտրել:
Նույնիսկ դպրոցում ամենավատ սովորող երեխայի համար էլ պարզ է, որ ադրբեջանցիները հակահայկական սադրանքը պատրաստել եւ տարածել են առանց ուսումնասիրելու հայաստանյան ֆեյքերի գրառումները: Նույնիսկ ամենահեռավոր գյուղի ամենաանգրագետ մարդու համար էլ պարզ է, որ եթե անգամ նման մի ֆեյք է հայտնաբերվել, ապա նրա արածի մասին, այն էլ այս համապատկերում, չէր կարելի բարձրաձայնել:
Ստացվում է, որ ճիշտ են նրանք, ովքեր համոզված են, որ այս ամենն արվել է ընդամենը հակաքոչարյանական տրամադրություններ սերմանելու համար: Ընդամենը: Այլապես անհասկանալի է, թե ինչի համար արվեց այս ամենը, ինչու համառորեն չցուցադրեցին ֆեյքի դեմքը, ինչու չտվեցին նրա անունը, եւ ինչու նա միանգամից խոսեց իր քաղաքական հայացքների մասին, եւ ինչու այդ մասին շտապեց գրառում անել թիվ մեկ պաշտոնյան:
Իհարկե, դեռ կգտնվեն մարդիկ, ովքեր կհավատան մատուցված տեղեկատվությանը, ովքեր իսկապես կհավատան, որ Ռոբերտ Քոչարյանն ու նրա կողմնակիցներն այնքան պարապ են, այնքան անմակարդակ, որ նման էժանագին գործերով են զբաղված, բայց անհամեմատ շատ են նրանք, ովքեր հասկանում են, թե որն է այս բեմականացման իրական պատճառը:
Փաստորեն վարկանիշային լուրջ խնդրի հետ գործ ունեն, որն արդեն չափից ավելի նյարդայնացնում է մեզ հայտնի շրջանակներին:
Գեղամ Նազարյան
Top-News.am