Առայժմ Հայաստանով հետաքրքրվում են միայն հատուկենտ կոնգոցի գործարարներ
Հայաստանում Կոնգոյի առեւտրային ներկայացուցչության կամ հյուպատոսության բացումը կօգներ գործարար կապերի զարգացմանը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Կոնգոյի Դեմոկրատական հանրապետությունից SCS ընկերության տնօրեն Ժան-Ռոբեր Իսիֆուա Բոկումբեն, որը մի խումբ գործարարների հետ Հայաստան է ժամանել՝ շուկան ուսումնասիրելու:
Գործարարները Հայաստանում են Հայ-բելգիական առեւտրի պալատի նախագահ Վալերի Սաֆարյանի հրավերով, որը ներկայում զբաղվում է Կոնգոյի շուկայի հետ կապերի զարգացմամբ: Այս երկիրը սերտ կապեր ունի Բելգիայի հետ: Բելգիայի հետ բավական ակտիվ առեւտուր ունի նաեւ Հայաստանը (հայկական արտահանման մեջ գերակշռում է մշակված ադամանդը):
«Հայաստան նախ եւ առաջ մեզ հետաքրքրում է ոչ որպես ԵՏՄ անդամ, այլ առանձին: Մենք ուզում ենք ավելի լավ հասկանալ՝ ովքե՞ր են այստեղ ավելի շատ հետաքրքրված Կոնգոյի հետ առեւտրով եւ ի՞նչը կարող է գրավել մեր գործարարներին տեղական շուկայում»,- նշեց Ժան-Ռոբեր Իսիֆուա Բոկումբեն: