Իրանցիները պահանջում են վրեժ լուծել Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար
Հարյուր հազարավոր իրանցիներ դուրս են եկել Իրանի քաղաքների փողոցներ եւ, սգալով զոհված գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահը, պահանջում են վրեժ լուծել նրա սպանության համար։
Ինչպես տեղեկացնում է Press TV-ն, բողոքողները համերաշխություն են հայտնել գեներալ Սոլեյմանիի ընտանիքին եւ աջակցել գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեիի հայտարարությանը, որը նույն օրը խոստացել էր «դաժանաբար վրեժ լուծել» ի պատասխան ամերիկյան զինվորականների այդ քայլի։
Թեհրանում տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր ներկա էին ուրբաթօրյա աղոթքին, պաստառներով ցույց են անցկացրել՝ նախազգուշացնելով Միացյալ Նահանգներին, Իսրայելին եւ նրանց տարածաշրջանային դաշնակիցներին ծանր հետեւանքների մասին։
Այս շաբաթ աղոթքները ղեկավարում էր այաթոլա Սեյեդ Ահմադ Խաթամին, որն ասել է, որ այս հարձակման պատճառով «ամերիկացիները ողջ աշխարհում երբեք այլեւս իրենց հանգիստ չեն զգա»։
«Ամերիկացիները, մասնավորապես Թրամփը, կարող են վստահ լինել, որ գեներալ Սոլեյմանիի արյան վրեժը կլուծվի, եւ մենք նրանց լուսավոր օրը կվերածենք սեւ գիշերվա»,- ասել է նա։
«Եկել է դիմադրության ժամանակը, որպեսզի գործով ասենք ամերիկացիներին. «Դուրս կորեք տարածաշրջանից, վայրենինե՛ր»,- ասել է նա։
Գեներալ Սոլեյմանիի հայրենի քաղաքում՝ Քերմանում, մարդկանց մեծ խմբերը փողոցներ են դուրս եկել՝ իրենց ցասումն արտահայտելու համար։
Հազարավոր մարդիկ են հավաքվել Սոլեյմանիի տան մոտ, որտեղ նա ամենօրյա հիշատակի արարողություններ էր կատարում շիա իմամների համար՝ նրանց նահատակության տարելիցի առիթով։
Նման միջոցառումներ են տեղի ունեցել Կումայում, Թավրիզում, Լորեստանում եւ այլ քաղաքներում։
Կարդացե՜ք նաև
Իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության հետեւանքները Հայաստանի եւ տարածաշրջանի համար
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում