Հակասահմանադրական նախագահը
ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանն այսօր արեց այն, ինչն ի պաշտոնե չպետք է աներ առաջին հերթին՝ ստորագրեց սահմանադրության առնվազն յոթ հոդվածների հետ խնդիր ունեցող օրենքը, որն ընդունվել էր բացառապես խորհրդարանական մեկ խմբակցության քվեարկության արդյունքում:
Խոսքը Սահմանադրական դատարանի անդամներին կաշառելու կամ վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու մասին ամոթալի օրենքի մասին է:
Չնայած հասարակական, քաղաքական կազմակերպությունների, անհատ քաղաքական եւ հասարակական գործիչների հորդորներին, Արմեն Սարգսյանն արեց մի քայլ, որով ամբողջությամբ դարձավ այս հակասահմանադրական օրենքի ընդունման անմիջական մասնակիցներից մեկը:
Շաբաթներ առաջ հանրությունը ամբողջ ներուժն օգտագործեց Մելինե Դալուզյանին եւ նրա մասին ֆիլմ նկարողներին քննադատելու համար, բայց գոնե Մելը Հայաստանի համար հարյուր եւ ավելի կիլոգրամանոց ծանրաձողեր էր բարձրացնում, իսկ ի՞նչ է անում նախագահ Արմեն Սարգսյանն իր հարյուր եւ ավելի կիլոգրամներով ...
Ստորագրելով այս օրենքը Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ ոչ մի պատասխանատվություն չի զգում ոչ երկրի, ոչ էլ ժողովրդի նկատմամբ եւ արհամարհած ունի այն հետեւանքները, որոնք առաջանալու են իր ստորագրությունից հետո:
Նախագահն արեց այն, ինչը չպետք է աներ եւ այստեղ հաստատ նրան օգնության չի հասնի իր մշտական փաստարկը, թե լիազորություններն անբավարար են: Սա այն դեպքն էր, երբ լիազորությունները լիովին բավարարում էին հանուն երկրի որոշում կայացնելու համար:
Այսքանից հետո մնում է իշխանություններին հորդորել լուծարել այս ինստիտուտը: Այն արդեն ամբողջովին արժեզրկվեց: Մի՞թե իմաստ ունի պահել մի պաշտոն, որի զբաղեցնողը պաղպաղակ է ուտում երեխաների հետ, պարում բնապահպանների հետ, խորոված անում արվեստագետների հետ, բայց չի անում այն, ինչ պետք է աներ օրենքների եւ Սահմանադրության համաձայն:
Իսկապես, կարելի է նյուվասյուկիական ոճով ելույթներ ունենալ պայծառ ապագայի մասին, բայց քանի լումայի արժեք դրանք ունեն, երբ ստորագրում ես ակնհայտ հակապետական օրենքի նախագիծ: Արմեն Սարգսյանն այս դեպքում արհամարհեց ոչ միայն արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, այլ նաեւ խորհրդարանական երկու խմբակցությունների տեսակետները: Արմեն Սարգսյանն արհամարհեց երկիրն ու ժողովրդին:
Նախագահը խուսափեց պատասխանատվությունից, բայց իր վրա վերցրեց հակասահմանադրական օրենքի ընդունման պատասխանատվությունը, գուցե այն գիտակցմամբ, որ մի օր «կամավոր», հանուն «ժողովրդի» կհրաժարվի նախագահի լիազարություններից եւ հեռավոր բրիտանական կղզիներից ժպիտը դեմքին կհետեւի հայ ժողովրդի դեգերումներին եւ տառապանքներին:
Գեղամ Նազարյան
Top-News.am