Իրանի ԱԳՆ-ն նախագահական ընտրություններն անվանել է «տարածաշրջանում առանցքային իրադարձություն»
Իրանում այսօր անցկացվող նախագահական ընտրությունները Մերձավոր Արևելքի կյանքում կարևորագույն իրադարձություններից են: Այդ կարծիքն է հայտնել Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Երկրի նախագահի ընտրությունների համար ընտրատեղամասերը բացվել են ուրբաթ առավոտյան՝ Իրանի բոլոր քաղաքներում: Նախագահական ընտրություններին քվեարկելու իրավունք ունի մոտ 56 միլիոն մարդ: Ընդհանուր առմամբ, բացվել է 63 հազար տեղամաս:
«Իրանում նախագահական ընտրությունների հանդիսավոր անցկացումը՝ ժողովրդի համատեղ մասնակցությամբ, կարևոր իրադարձություններից մեկն է այն հատուկ տարածաշրջանում, որտեղ գտնվում է Իրանը»,- ասել է նախարարը:
Նշենք, որ Իրանի նախագահի թեկնածուները 4-ն են՝ գործող նախագահ Հասան Ռոուհանին, այաթոլլահ Իբրահիմ Ռաիսին, նախկին փոխնախագահ Մուստաֆա Հաշեմի Թաբան և պահպանողականների թեկնածու Մուստաֆա Աղա Միրսալիմը: Սակայն ընտրությունների բացարձակ ֆավորիտ է համարվում գործող նախագահը:
Reuters-ի հաղորդմամբ՝ իրանցիները երկար հերթեր են կանգնել ուրբաթ՝ երկրի նախագահ ընտրելու համար: «Բոլորը պետք է քվեարկեն այս կարևոր ընտրություններում… Երկրի ճակատագիրը որոշում են մարդիկ»,- իր ընտրությունն անելուց հետո ասել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին: