Մաքքեյնը կոչ է արել ԱՄՆ–ից վտարել Թուրքիայի դեսպանին
Սենատոր Ջոն Մաքքեյնը, Վաշինգտոնում, Թուրքիայի դեսպանատան մոտ տեղի ունեցած ծեծկռտուքից հետո, առաջարկել է ԱՄՆ–ից վտարել Թուրքիայի դեսպանին,– հաղորդում է ամերիկյան MSNBC հեռուստաալիքը։
«Ես դուրս կվռնդեի Թուրքիայի դեսպանին»,– ասել է Մաքքեյնը։
Հիշեցնենք, որ բախումները տեղի են ունեցել երեքշաբթի օրը, Վաշինգտոնի կենտրոնում, Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ։ Բողոքի ակցիաները կազմակերպված էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի կապակցությամբ։ Ըստ հրշեջ–փրկարար ծառայության տվյալների՝ տուժածներից ինը տեղափոխվել են հիվանդանոց, ընդ որում նրանցից մեկը՝ ծանր վիճակում, իսկ մյուսը՝ ծայրահեղ ծանր։
Չորեքշաբթի օրը պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերտը հայտարարել է, որ ԱՄՆ–ն անհանգստացած է Վաշինգտոնում՝ Թուրքիայի նախագահի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ բախումների կապակցությամբ։ Նրա խոսքերով՝ ԱՄՆ–ն հարգում է ակտիվիստների՝ խաղաղ ցույցեր իրականացնելու իրավունքը։