«Ղազախստանն առանց Նազարբաևի», «Ծերո՛ւկ, հեռացի՛ր». Ղազախստանում անկախության օրը ցրել են ընդդիմության ցույցը (տեսանյութ)
Ղազախստանի մի շարք քաղաքներում դեկտեմբերի 16-ին ոստիկանությունը բերման է ենթարկել ընդդիմության չարտոնված բողոքի ակցիաների մի շարք մասնակիցների, որոնք ակցիան կազմակերպել էին Ղազախստանի անկախության օրվա և Ժանաոզեն քաղաքում 2011 թվականին տեղի ունեցած դեպքերի օրվա կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է svoboda.org կայքը:
Մայրաքաղաք Նուրսուլթանում ոստիկանությունը փակել է երթի ճանապարհը, որը շարժվում էր կառավարական թաղամասի ուղղությամբ:
Տասնյակ մարդիկ ձերբակալվել են:
Երկրի խոշորագույն քաղաքում՝ Ալմաթիում, նույնպես չարտոնված ցույց է անցկացվել: Ակցիայի մասնակիցները կարգախոսներ են հնչեցրել հաջակցություն քաղաքական բանտարկյալների, ինչպես նաև բացականչել են «Ղազախստանն առանց Նազարբաևի» և «Ծերո՛ւկ, հեռացի՛ր»:
Ցուցարարներ են բերման ենթարկվել ևս մի քանի քաղաքներում:
Դեկտեմբերի 16-ը Ղազախստանի անկախության օրն է: Այդ օրը համընկնում է Ալմաթիում զանգվածային բողոքի ակցիաների 33-րդ տարելիցի հետ, երբ ղազախ երիտասարդությունը հանդես էր գալիս Կրեմլի դրածո Գենադի Կոլբինին Խորհրդային Ղազախստանի ղեկավար նշանակելու դեմ, և Ժանաոզեն քաղաքում տեղի ունեցած դեպքերի 8-րդ տարելիցի հետ, երբ իշխանություններն ուժով ցրեցին նավթային աշխատողների ակցիան: Այդ ժամանակ, պաշտոնական տվյալներով, 17 մարդ է զոհվել:
Դեկտեմբերի 16-ին Ղազախստանի քաղաքներում բողոքի ակցիաներ անցկացնելու պլանների մասին հայտարարել էր Ղազախստանում չգրանցված «Ղազախստանի ժողովրդավարական ընտրությունը» շարժումը, որը հիմնել է նախկին բանկիր և Ղազախստանի իշխանությունների քննադատ Մուխթար Աբլյազովը: Այս շարժումը Ղազախստանում արգելված է, և նրանց կազմակերպած ակցիաները պարբերաբար ցրում են: Բողոքի ակցիայի մասնակիցները նշում են, որ նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, չնայած հրաժարականին, շարունակում է իշխանությունը պահել իր ձեռքում: