Ինչ-որ մեկը ծաղրում է մեր պետականությունը
Փորձեք պատկերացնել ԱՄՆ պետքարտուղարին, որը ինչ որ հկ-ի ղեկավարի հետ փակ հանդիպում է կազմակերպում լրագրողների հետ եւ քննարկում կարեւոր հարցեր: Հիմա փորձեք պատկերացնել Ֆրանսիայի ԱԳ նախարարին, որը ինչ-որ հկ-ի ղեկավարի հետ լրագրողների հետ փակ հանդիպում է կազմակերպում եւ քննարկում արտաքին քաղաքականությանն առնչվող կարեւոր խնդիրներ:
ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունների փոխարեն պատկերացրեք ավելի համեստ երկրների ԱԳ նախարարներին: Փորձեք պատկերացնել, բայց որեւէ բանական ուղեղի մեջ չի տեղավորվի, որ ինչ-որ հկ կարող է հավասարվել իր կարգավիճակով արտաքին գործերի նախարարության հետ:
Այնպիսի տպավորություն է, որ ինչ-որ մեկը դիտավորյալ, նպատակասլաց ծաղրում է մեր պետականությունը: Դեկտեմբերի 15-ին Հայաստանի ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանի եւ «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության կողմից հովանավորվող հայաստանյան հկ-ներից մեկի ղեկավարն Արցախյան հակամարտության թեմայով փակ քննարկում են կազմակերպում լրագրողների հետ:
Նման բան նույնիսկ ամենամղձավանջային երազում հնարավոր չէր պատկերացնել: Եւ այստեղ ինչպես չհիշես ԱԱԾ արդեն նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի վերջին հարցազրույցներից մեկը, որտեղ նա շատ հստակ նշեց, որ որոշ հկ-ների գործունեությունը մարտահրավեր է ուղղված մեր պետությանը:
Հիմա ինչպե՞ս բացատրել դեկտեմբերի 15-ի հանդիպումը, ինչպես դա արդարացնել կամ հասկանալ: Դրսից ֆինանսավորվող կառույցի ներկայացուցիչը ՀՀ ԱԳ նախարարի հետ հավասար կարգավիճակում ինչ-որ կարեւոր հարց է քննարկում, այն էլ փակ, այն էլ որոշ լրագրողների ներկայությամբ:
Ակնհայտ է, որ այն ինչ-որ մեկը, որը ծաղրում է մեր պետականությունը, արդարադատության նախարարությունը, ԿԳՍՄ նախարարությունն իրենով անելուց հետո անցել է ԱԳ նախարարությանը եւ թիրախավորել ԱԱԾ-ն:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պարտավոր է հրապարակել հանդիպման մանրամասները, պարտավոր է բացատրել, թե ով կամ ինչն են իրեն ստիպել գնալ պետության համար այդ ստորացուցիչ քայլին:
Ո՞րն է լինելու հաջորդ քայլը: Մի օր գուցե լսենք, որ ինչ-որ հկ-ի ղեկավար ԱԱԾ-ում խորհրդակցություն է անցկացրել, այն էլ շատ փակ եւ հանձնարարականներ տվել:
Փաստենք, որ մեր պետականությանը շատ լուրջ վտանգ է սպառնում: Ոմանք կասեն, թե մի՞թե մի հանդիպումով է նման վտանգ առաջանում: Իհարկե՝ ոչ, բայց այս հանդիպումը շատ խոսուն փաստ է եւ խորհրդանշում է մեր պետության ներկա վիճակը, ներկա ծանր իրավիճակը:
Այս ամենը հիշեցնում է ֆանտաստիկ ժանրի գեղարվեստական ֆիլմ, որտեղ այլմոլորակայինները թափանցում են մեր մոլորակ եւ տեղավորվում երկրի բնակիչների մարմիններում, աստիճանաբար սկսելով կառավարել մոլորակը:
Հիմա, երբ տեսնում ենք, թե այդ հայտնի ուժերն ինչ մոլուցքով են խոսում ԱԱԾ-ի եւ բանակի դեմ, ինչեր են պլանավորում Սահմանադրական դատարանի դեմ, հասկանում ես, որ նրանք դեռ այնտեղ չեն հասել, բայց շատ են ուզում, շատ-շատ...
Վարդան Մխիթարյան
Top-News.am