Huawei-ը ծրագրում է 2020-ից գաջեթների վրա սեփական օպերացիոն համակարգը դնել
Չինական Huawei Technologies ընկերությունը ծրագրում է հաջորդ տարվանից սեփական Harmony OS օպերացիոն համակարգը դնել մեծ թվով գաջեթների վրա։ Այդպիսի սարքերը կիրացվեն ինչպես ներքին շուկայում, այնպես էլ արտասահմանում, հայտնել է Reuters-ը։
Huawei-ը պատրաստվում է Harmony OS-ն օգտագործել իր սմարթ-ժամացույցներում, ձայնարկիչներում, վիրտուալ իրականության սարքերում եւ այլ առաջատար տեխնոլոգիաներում։ Առաջին սարքը, որն աշխատում է չինական օպերացիոն համակարգով, Honor Vision «խելացի» հեռուստացույցն է։
Ընդ որում, ընկերությունը դեռեւս չի ծրագրում Harmony OS-ը տեղադրել իր առավել հանրահայտ սմարթֆոններում, պլանշետներում եւ համակարգիչներում։ Այդ սարքերում նախկինի պես կօգտագործվի Android-ը։
Միաժամանակ, հետագայում Huawei-ը ծրագրում է աստիճանաբար անցնել Harmony OS օպերացիոն համակարգին՝ որպես ամերիկյան Google-ին պատկանող Android-ի այլընտրանք։ Պեկինի եւ Վաշինգտոնի միջեւ տարաձայնությունները կարող են հանգեցնել նրան, որ ամերիկյան ընկերությունները փակեն իրենց տեխնոլոգիաների հասանելիությունը Չինաստանի համար։