Վիգեն Սարգսյանի ուղերձի հասցեատերը եւ պատվիրատուն
Վիգեն Սարգսյանի ուղերձը բանակի կառավարման գործում նորություն էր, թե ժանրի տեսանկյունից, թե՝ ասելիքի։ Սովորաբար բարձրաստիճան պաշտոնյաների եւ ոչիշխանական առաջնորդների պաթետիկ տեքստերին անհաղորդ հասարակությանը այս անգամ ներկայացվեց ուրիշ բովանդակություն։
Իհարկե, չի կարելի ասել,որ ուղերձի մեսիջները հասարակությանը առաջին իսկ փորձից հասանելի կլինի։ Իհարկե՝ ոչ։ Ընդհանուր արժեքներով հասարակություն, ըստ էության, գոյություն չունի։ Այն դեռեւս երկար կրելու է 10 հազար դրամանոց հասարակության խարանը։ Իսկ դրա մեղավորը նեխած վերնախավն է, որտեղ հավասարաչափ մեղավոր են իշխանական եւ ոչիշխանական գործիչների զգալի մի շերտ։
Միամտություն է կարծել, թե Վիգեն Սարգսյանը չի հասկանում այս ամենը, եւ հրապարակել է իր ուղերձը՝ հիմնվելով հասարակական բարձր գիտակցության վրա։
Ունենալով, պետական կառավարման համակարգի մեծ փորձ, Սարգսյանը շատ լավ հասկանում է, որ իր ուղերձի իրական հասցեատերը այս պահին պետական համակարգն է եւ այն շրաջանակները, որոնք առաջիկա զարգացումներում կարող են նպաստել հասարակական տրամադրությունների ձեւավորմանը։
Իր աշխատանքային փորձից ելնելով Վիգեն Սարգսյանը շատ լավ հասկանում է, որ Հայաստանում չկա քաղաքական համակարգ՝ դրանք բուտաֆորիկ հասկացություններ են։ Եւ խոսքը այստեղ նույնպես հավասարաչափ վերաբերվում է թե իշխող ուժին, թե իշխող ուժի համաձայությամբ ԱԺ-ում հայտնված ոչիշխանականներին ու նաեւ ԱԺ-ում չհայտնված եւ որպես քաղաքական միավորներ իրենց սպառած կուսակցություններին։ Այնպես որ, հասցեատերերի ցանկում քաղաքական կուսակցությունները չեն մտնում։
Իսկ ահա ուղերձի պատվիրատուն, անկասկած ինքն էր՝ Վիգեն Սարգսյանը։ Նա շատ լավ հասկանում է, որ Հայաստանում մեկ տարվա ընթացում ձեւավորվելու է նոր իշխանություն։ Ընդ որում, այդ իշխանությունը նոր է լինելու անկախ նրանից, թե Սերժ Սարգսյանը կմնա, թե կհեռանա, եւ ինչ կարգավիճակով կմնա։ Իշխանությունը լինելու է նոր, որովհետեւ այդպես է ենթադրում նոր սահմանադրությունը, բայց առաջին հերթին այն պատճառով, որ Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերներն են դա ստիպում։ Հին մտածողությամբ եւ հին մեթոդներով, հին մարդկանցով ու հին խաղի կանոններով, հին արժեքներով եւ հին բարքերով Հայաստանի զարգացման ռեսուրսները ուղղակի սպառվել են։
Իր ուղերձով, Պաշտպանության նախարարը հրապարակային հայտ ներկայացրեց, որ ինքը պատրաստ է նորի եւ փոփոխությունների կրողը դառնալ։
Դա, իհարկե, արվեց բանակին առնչվող խնդիրների միջոցով, բայց ընտրված տեսանկյունի, ձեւակերպումների ու շեշտադրումների շնորհիվ ուղերձն իր նշանակությամբ այլ նշաձող վերցրեց։
Կարելի է ենթադրել, որ իշխանության միջից այլ գործիչներ եւս կփորձեն ներկայացնել նոր դեմքի եւ բարեփոխիչի իրենց հայտերը։ Եւ դա պետք է արվի հանրային հետաքրքրության օրակարգով եւ ձեւակերպումներով։
Իշխանությունից դուրս գտնվող քաղաքական շրջանակներից նման բան ակնկալելը, այս պահին, կարծես թե իրատեսական չէ։
Փոխարենը ապրիլերկուսյան ռեստարտից հետո, որոշ շրջանակներ, որոնք մի կողմից դուրս են իշխանության տիրույթից եւ, մյուսն կողմից, այլեւս իրենց չեն տեսնում կուսակցական համակարգերում, կարող են էական դեր ստանձնել ընդհանուր առողջացման եւ երկրի զարգացման հարցում։
Դասական քաղաքագիտության տեսանկյունից սա դժվար ձեւակերպվող գործընթաց է, բայց Հայաստանում, որը բառիս բուն իմաստով կանգնած է կենաց ու մահու խնդրի առաջ, դա ուղղակի այլընտրանք չունի։
Top-news